Եթե ոստիկանին հրահանգում են հեռացնել ակցիա իրականացնող իրավապաշտպանին, նրան կհեռացնեն, եթե չկա հրահանգ որևէ տարածքից հեռացնել իշխանության 89-րդ պատգամավորին, չեն հեռացնում․ Ա. Սամսոնյան

12:40 • 09.07.20

Մենք հույս ունեինք, որ որպես խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություն, մեր իրավունքը կվերականգնվի: Մենք խնդիր ենք տեսնում, որ մեր խմբակցության մանդատով կարող են իրականացնել այլ քաղաքական գործունեություն, ստեղծել այլ քաղաքական նախաձեռնություն, «Լուսավոր Հայաստան»-ի նկատմամբ իրականացնել հակաքարոզչություն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը վերականգնելու՝ ԿԸՀ-ի մերժմանը:

«Մենք կդիմենք բողոքարկման ընթացակարգերին»,-հայտնեց պատգամավորը:

Նա ընդգծեց, թե 2015-ից ի վեր պառլամենտական սուբյեկտ է միայն խմբակցությունը, անկախ պատգամավոր սուբյեկտ չկա, չունի որևէ իրավունք:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ Պառլամենտում լինեն սուբյեկտներ, որոնք իրավունքներ չունեն, այն պարագայում, երբ այդ սուբյեկտները ԱԺ են մտել «Լուսավոր Հայաստան» քաղաքական ուժի շնորհիվ, կրում են այդ ուժի մանդատը, բայց հակաքարոզչություն են անում այդ ուժի դեմ և ստեղծում են քաղաքական նախաձեռնություն: Դա չպետք է արվի մեր մանդատով»,-նշեց նա:

Դիտարկմանը, թե Բաբաջանյանը պնդում է, որ մանդատը ոչ թե «Լուսավոր Հայաստան»-ինն է, այլ ժողովրդինը, Սամսոնյանն ընդգծեց, որ Բաբաջանյանն ընտրվել է համամասնական, ոչ թե ռեյտինգային ցուցակով, 300-ից մի քիչ ավելի ձայներով, ամենաքիչ ձայներ ստացած պատգամավորն է:

Հարցին՝ ինչո՞ւ էր Բաբաջանյանն ընդգրկվել ԼՀԿ ցուցակում, Սամսոնյանը պատասխանեց, թե Բաբաջայանն իրեն համարել է ԼՀԿ համակիր. «Սակայն մենք հասկացել ենք, որ այդ համակիր լինելը շղարշ էր՝ մեր միջոցով ԱԺ մտնելու և այլ նպատակներ իրականացնելու համար, ինչը մեզ համար անընդունելի է: Ես այն պատգամավորներից եմ, որը հրապարակային ներողություն է խնդրել, որ Արման Բաբաջանյանն այսօր ԱԺ-ում է՝ որպես պատգամավոր»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե Բաբաջանյանը նշում է նաև, թե ԼՀԿ-ն ընդդիմություն չէ, և դրա համար է դուրս գալիս, Սամսոնյանն արձագանքեց. «Դավաճանությանը հակված մարդիկ միշտ փնտրում են մեղավորներ: Դա հոգեբանական անհրաժեշտ բաղադրիչ է բոլոր դավաճանների համար»:

Դիտարկմանը՝ եթե Բաբաջանյանը զրկվի մանդատից, հնարավո՞ր է՝ նրա՝ մինչ այդ կատարած քվեարկությունները համարվեն առոչինչ, Սամսոնյանն արձագանքեց. «Ես համարում եմ, որ Արման Բաբաջանյանը իշխանության 89-րդ պատգամավորն է, և իրենք թող մտածեն նրա քվեարկությունների մասին»,-ասաց նա՝ նշելով, թե երբ ԼՀԿ-ն դիմեց ԿԸՀ, «Իմ քայլը» պաշտպանում էր իր 89-րդ մանդատը:

Դիտարկմանը, թե Արման Բաբաջանյանն իր նախաձեռնության անդամների հետ ակցիա է իրականացրել, բայց նրանց բերման չեն ենթարկել, Սամսոնյանն արձագանքեց, թե երբ ԱԺ-ի դիմաց իրավապաշտպաննները միայնակ ակցիա էին անում, և նրանց բերման ենթարկեցին, ինքը հայտարարել է, որ իշխանությունն ու իշխանությանը ենթակա Ոստիկանությունը որդեգրում են երկակի մոտեցումներ:

«Երբ ակցիա անողները պատկանում են իշխանության համակիրների՝ «սպիտակների» դաշտին, իրենց չի կարելի բերման ենթարկել, եթե «սպիտակների» դաշտում չեն, կարելի է: Այն, որ Արման Բաբաջանյանին թողեցին ակցիան անել, ևս մեկ անգամ վկայում է, որ նա ունի իշխանության թույլտվությունը, և Ոստիկանությունը կարող է նրան չմոտենալ:

Մոտեցումը եղել է ընտրողաբար: Ոստիկանությունը ենթակա է ՀՀ վարչապետին, հետևաբար կատարում է այն հրահանգները, որոնք իրեն տրված են: Եթե ոստիկանին հրահանգում են հեռացնել այն իրավապաշտպանին, որը համարվում է «սև», նրան կհեռացնեն, եթե Ոստիկանությանը չի տրվում հրահանգ որևէ տարածքից հեռացնել ԱԺ իշխանության 89-րդ պատգամավորին, չի հեռացնի»,-ասաց Անի Սամսոնյանը: