Առաջիկա հինգ տարիներին Արցախում կիրականացվեն մինչև 400կմ ասֆալտապատման աշխատանքներ. ԱՀ նախագահի մոտ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

12:26 • 09.07.20

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` ճանապարհաշինական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հանրապետությունում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքի մասին զեկուցմամբ հանդես է եկել քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

Երկրի ղեկավարը նշել է, որ մայրուղիների, միջհամայնքային և գյուղատնտեսական նշանակության ճանապարհների բարեկարգ վիճակի պահպանումը մշտապես գտնվելու է իշխանության ուշադրության կենտրոնում: Այդ նպատակով ամեն տարի պետական բյուջեից զգալի ֆինանսական միջոցներ են հատկացվելու: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ առաջիկա հինգ տարիներին նախատեսվում է իրականացնել մինչև 400կմ ասֆալտապատման աշխատանքներ: «Խիստ վերահսկողություն է իրականացվելու կատարված աշխատանքի որակի նկատմամբ:

Սահմանված չափանաշիները խախտողների նկատմամբ կիրառվելու է առավելագույն տույժ և տուգանք»,- ընդգծել է նախագահը: