Հարվարդի համալսարանը դիմել է դատարան՝ վիճարկելով առցանց կրթության դեպքում օտարազգի ուսանողների մուտքն ԱՄՆ արգելելու մասին Թրամփի որոշումը
Հարվարդի համալսարանը և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը հայցով դիմել են Բոստոնի դատարան՝ վիճարկելով նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումն առ այն, որ ԱՄՆ-ում կրթություն ստացող օտարերկրյա ուսանողները ստիպված կլինեն լքել երկիրը, եթե աշնանն իրենց ուսումնական հաստատություններում բոլոր առարկաների դասաժամերը կորոնավիրուսի պատճառով անցկացվեն առցանց և ոչ թե առկա ձևաչափով, գրում է Associated press-ը։
Համալսարանները պնդում են, որ հրահանգը խախտում է վարչական ընթացակարգերի մասին օրենքը, քանի որ պաշտոնյաները ողջամիտ հիմքեր չեն ներկայացրել այդ քաղաքականությունը հիմնավորելու համար։
Ավելի վաղ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությանը կից Միգրացիոն և մաքսային հսկողության ծառայության տարածած հաղոդագրության մեջ նշվում է, որ օտարերկրյա ուսանողները, որոնք կրթվում են ԱՄՆ-ում, ստիպված կլինեն լքել երկիրը, եթե աշնանն իրենց ուսումնական հաստատություններում բոլոր առարկաների դասաժամերը կորոնավիրուսի պատճառով առցանց ռեժիմի անցնեն։ Բացի այդ, ամերիկյան իշխանությունները նոր այցագիր չեն տրամադրի ԱՄՆ գնալու մտադրություն ունեցող այն ուսանողներին, որոնց ընտրած կամ ծրագրային կրթությունն առաջիկա կիսամյակում ամբողջությամբ կանցկացվի առցանց ձևաչափով:
Հիշյալ որոշումը հրապարակվել է նույն օրը, երբ Հարվարդը հայտարարել է, որ աշնանը կշարունակի դասերը վարել առցանց։ Հեղինակավոր համալսարանի ղեկավարության խոսքով՝ սույն որոշման հետևանքով Հարվարդի 5000 օտարազգի ուսանող չի կարողանա մնալ ԱՄՆ-ում։
Հարվարդի նախագահ Լոուրենս Բեկոուն հայտարարել է, որ որոշումը կայացվել է առանց նախապես զգուշացնելու՝ այն որակելով «անխոհեմ»։










