Մադուրոն Բրազիլիայում կորոնավիրուսի ռեկորդային ցուցանիշներն անվանել է Բոլսոնարուի «անպատասխանատու խելագարության հետևանք»
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, մեկնաբանելով Լատինական Ամերիկայում նոր կորոնավիրուսի տարածումը, Բրազիլիայի ռեկորդային բարձր ցուցանիշներն անվանել է երկրի ղեկավար Ժաիր Բոլսոնարուի «անպատասխանատու խելագարության» հետևանքը, գրում է ria.ru-ն։
«Ուզում եմ կիսվել իմ մտահոգությամբ․ Բրազիլիայի ցուցանիշները Ժաիր Բոլսոնարուի անպատասխանատու խելագարության հետևանքն են։ Ես կարծում եմ, որ Բոլսոնարուն անվերահսկելի է դարձել»,-հայտարարել է Մադուրոն իր թվիթերյան էջում հրապարակված ելույթում։
Իր խոսքում նա նաև հիշատակել է, որ կորոնավիրուսով վարակված Բոլսոնարուն անձամբ է դուրս եկել լրագրողների մոտ, որպեսզի նրանց տեղեկացնի իր ինքնազգացողության և COVID-19-ի թեստի արդյունքների մասին։
Ինչպես հայտնի է, Բոլսոնարուն, ինչպես և իրեն շրջապատած լրագրողները, դիմակ է դրել, սակայն սոցիալական հեռավորություն չի պահպանել։ Շփման վերջում քաղաքական գործիչը լրագրողներից մի քանի մետր հեռացել է և դեմքից հանել դիմակը, որպեսզի ցույց տա, որ իրեն լավ է զգում: Այս կապակցությամբ Բրազիլիայի մամուլի ասոցիացիան հայտարարել էր, որ մտադիր է դատի տալ Բոլսոնարուին։
Հիշեցնենք, որ օրերս Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել էր, որ կորոնավիրուսի իր թեստը դրական պատասխան է տվել:
65-ամյա քաղաքական գործիչը բազմիցս ակտիվորեն քննադատել է կորոնավիրուսի ֆոնին հայտարարված սահմանափակումները՝ վարակն անվանելով «թեթև գրիպ»։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ գաղափարների նմանության պատճառով նրան հաճախ անվանում են «արևադարձային Թրամփ»։










