Երբևէ չեմ ունեցել որևէ մտավախություն, երբևէ չի եղել, որ ես զգամ անվտանգության ապահովման կարիք. դատավոր Մխիթար Պապոյան

16:32 • 09.07.20

Ես կարծում եմ, որ Բարձրագույն դատական խորհուրդը կայացրեց իր որոշումը. լրագրողների հետ զրույցում նշեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյան՝ անդրադառնալով ԲԴԽ-ի այսօրվա որոշմանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ:

Հարցին, արդյոք ներքին մտավախություններ ունեցե՞լ եք աղմկահարույց գործեր քննելիս, հաշվի առնելով, որ դատավորներից շատերը աղմկահարույց գործեր քննելուց հետո դիմում են իրավապահ մարմիններին՝ իրենց անվտանգության ապահովման համար, Մ․ Պապոյանը պատասխանեց.

«Վերաքննիչ քրեական դատարանում 18 դատավոր են, և եթե գործերը գալիս են Վերաքննիչ դատարան, 18-ից գոնե մեկը ես պետք է քննեմ: Դրանով պայմանավորված միգուցե եղել են գործեր, որոնք ոչ թե աղմկահարույց, այլ հանրության ուշադրության կենտրոնում հայտնված գործեր են, որոնցով ես եմ եղել նախագահող դատավորը: Երբևէ չեմ ունեցել որևէ մտավախություն, երբևէ չի եղել այնպիսի իրավիճակ իմ մոտ, որ ես զգամ անվտանգության ապահովման կարիք»:

Դիտարկմանը, թե այս գործն իր համար արդյոք ապացո՞ւյց է, որ դատական համակարգը իշխանության ազդեցության տակ չէ՝ անկախ է, դատավորը պատասխանեց.

«Իհարկե, ու ոչ միայն ԲԴԽ-ի որոշումը, այլև բազմաթիվ այլ դատական որոշումներ, ցանկացած դատավորի որոշում»:

Անդրադառնալով հարցին, թե հանրային քննարկումներն որքանո՞վ են ազդում դատավորի որոշման վրա, նշեց, որ չի բացառում, որ նման քննարկումներն ազդեցություն թողնում են, սակայն դատավորները փորձում են այդ ճնշումներից զերծ մնալ.

«Մենք՝ դատավորներս, որպես կանոն փորձում ենք հանրային ճնշումից կամ աջակցությունից զերծ մնալ, և ես չեմ կարծում, որ դրա արդյունքն է այս որոշումը»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով ԲԴԽ-ի գործունեությանը՝ դատավորը նշեց, որ մեկ նախադասությամբ գնահատական տալը շատ դժվար է, որոշ դեպքերում համակարծիք է, որ արվում է այն ամենը, ինչ իրենից կախված է, որոշ առումներով կարող է ասել, որ թերացել է: Սակայն բարդ աշխատանք է և լիարժեք պատասխան տալ չի կարող:

Լրագրողի հարցին, թե Գ. Ծառուկյանի գործը, ինչո՞ւ Վերաքննիչը որոշեց հետ ուղարկել Առաջին ատյանի դատարան, դատավորը նշեց, որ դռնփակ դատական նիստի հետ կապված չի ցանկանում պատասխան տալ: