Samsung-ը հաջորդ տարվանից սմարթֆոնների որոշ մոդելներն առանց լիցքավորիչների կվաճառի

17:21 • 09.07.20

Կորեական ETNews պարբերականը հայտնում է, որ 2021 թվականից հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը սմարթֆոնների որոշ մոդելների հետ լիցքավորիչներ չի տրամադրի։

Այս որոշումն ընկերությունը բացատրում է արտադրության և լոգիստիկայի ծախսերը նվազեցնելու ձգտմամբ, ինչպես նաև բնապահպանական նպատակներով, քանի որ պաշտոնական տվյալների համաձայն՝ տարեկան հազարավոր տոննա լիցքավորիչներ են հայտնվում աղբարկղում։

Հաղորդվում է, որ խոսքը, ամենայն հավանականությամբ, Galaxy S-ի, Galaxy Note-ի և, հնարավոր է, Galaxy Fold/Flip-ի առաջատար սարքերի մասին է:

Samsung-ը բջջային հեռախոս արտադրող միակ խոշոր ընկերությունը չէ, որ ցանկանում է որդեգրել այդ քաղաքականությունը։ Apple-ի վերլուծաբան Մինգ Չի Կուոյի կարծիքով՝ Apple-ը կարող է այս տարվա նոր iPhone-ների շարքում լիցքավորիչներ չընդգրկել: Apple-ը կարող է նաև հրաժարվել 5 Վտ և 18 Վտ հզորությամբ լիցքավորիչներից, որոնք տրամադրվում են iPhone հեռախոս գնելու դեպքում և դրա փոխարեն առաջարկել 20 Վտ հզորությամբ լիցքավորիչ, որը կվաճառվի առանձին։

Samsung-ը հաջորդ տարվանից սմարթֆոնների որոշ մոդելներն առանց լիցքավորիչների կվաճառի