ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու «մատերիալ» չէ. վարչապետ (տեսանյութ)

11:49 • 09.07.20

Միայն մեկ օրում աշխարհում կորոնավիրուսի դեպքերը գերազանցել են հարյուր հազարը, իսկ ընդհանուր դեպքերի թիվը գերազանցել է 12 միլիոնը: Կառավարության այսօրվա նիստին մինչ օրակարգին անցնելն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նկատեց, որ երկրները, որոնք հայտարարել էին, թե հաղթահարել են կորոնավիրուսը, ցավոք, վերադառնում են կրկին համաճարակի ամենաակտիվ փուլ։ «Ես ուզում եմ ընդգծել, որ երեկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ հաստատված է համարում, որ օդի միջոցով վարակը կարող է տարածվել, սա այն է, ինչի վերաբերյալ մենք նախորդ շաբաթ, հիմնվելով գիտական նոր տվյալների վրա, հայտարարել էինք ու այս առումով կարևորվում է դիմակներ դնելը, այդ թվում` բաց տարածքներում»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, որ Հայաստանում համավարակի տվյալները, ըստ որի` երեկ 526 դեպք է գրանցվել, կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը հասել է 535-ի, այլ պատճառներով մահացել է 170 հոգի։ «Ես կրկին ուզում եմ ընդգծել, որ հակահամաճարակային մեր ռազմավարությունը շարունակում է մնալ նույնը, այն է՝ սովորել ապրել այնպիսի կանոններով, որոնք թույլ կտան զրոյացնել նոր դեպքերի թիվը կամ մոտեցնել զրոյի»,-ասաց նա։

Ինչ վերաբերում  է պարետատան երեկ կայացված որոշմանը, որով մի շարք հիվանդություններ ունեցող անձինք բաց տարածքներում կարող են դիմակ չդնել, վարչապետն ասաց. «Հայտնի շրջանակները փորձում են տուգանքների հետ կապված շահարկումներ անել։ Այո, մենք ասում ենք, որ ամենախիստ վարչական միջոցներով պետք է կարողանանք ապահովել հակահամաճարակային կանոնների պահպանումը, ու այս ճանապարհին մենք հետևողական ենք լինելու, անհրաժեշտության դեպքում ներդնելու ենք նոր խստացումներ, ու մեր նպատակը ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ այնպես անելը, որ մեր այն հայրենակիցները, ում համար մոտիվացիան կարող է լինել տուգանքից խուսափելը, այդ քաղաքացիներին կարողանանք քաջալերել, որպեսզի նրանք դիմակ դնեն, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ»: