Կառավարության կազմի փոփոխության հարցերը մնում են մեր օրակարգում, մեր ծրագրերը չեն առկախվել. Շաքե Իսայան

13:09 • 09.07.20

Ինչպես այն ժամանակ հայտարարել ենք, որ անհարժեշտ է Կառավարության կազմի 100 տոկոսի փոփոխություն, այսօր ևս շարունակում ենք դա պնդել, շարունակելու ենք համախմբման գործընթացները, ոչինչ չի հետաձգվել, ոչինչ չի առկախվել : Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը` հավելելով, որ պատրաստ են համագործել բոլոր առողջ ուժերի հետ, ովքեր կաջակցեն երկիըը այս վիճակից դուրս բերելու գործընթացներին: Նա հիշեցրեց, որ արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցությունը հենց այս օրակարգից է բխում:

Պատգամվորը անդրադարձավ արտակարգ դրությունը ևս մեկ անգամ հետաձգելուն և դրանով պայմանավորված նաև հավաքների ազատության հետ կապված խնդիրներին:

«Մեր խմբակացության որևէ պատգամավոր, անդամ, համակիր չի կարող վտանգի տակ դնել հասարակության առողջության իրավունքը: Բայց, այո, մեզ համար խիստ մտահոգիչ է այն հանգամանքը, որ մարտի 16-ի Կառավարությյան որոշման 16-րդ կետը առ այսօր որևէ փոփոխության չի ենթարկվել, մինչդեռ որոշակի կետերում բացառություններ արվել են: Խաղաղ հավաքների անցկացման դրույթը այս ընթացքում չի վերանայվել, մեր խնդիրը վերաբերում էր այդ դրույթը վերանայելուն»,-ասաց նա:

Պատգամավորն ասաց, այս հարցով ՍԴ դիմելու հարցը նույնպես օրակարգում է, բայց այժմ սպասում են սահմանադրական փոփոխությունների հետ կապված ՍԴ դիմումի զարգացումներին:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հետ կապված Վերաքննիչ դատարանի որոշմանը, ապա Շաքե Իսայանն ասաց, որ մանրամասների չի տիրապետում, գիտի այն, ինչի մասին փաստաբանները հաղորդել են, գործն ուղարկվել է Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: