«Գիտեի՝ նման խամաճիկներն իրենց կյանքն այդպես են ավարտում». Կադիրովը մեկնաբանել է իր մորը վիրավորած չեչեն բլոգերի սպանությունը
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ավստրիայում սպանված չեչեն բլոգերը «դարձել է Ռուսաստանի և անձամբ իր դեմ աշխատող արտասահմանյան հատուկ ծառայությունների զոհը»:
Ռամզան Կադիրովը տելեգրամյան ալիքում բացատրել է, որ ինքն ու իր հավատարիմ թիմը հսկում են Ռուսաստանի կովկասյան սահմանները և դա դուր չի գալիս արտասահմանյան հատուկ ծառայություններին:
«Սկսել են գործի անցնել լեզու քորողները: Այս մեթոդները, որոնք օգտագործվել են դեռ Օսմանյան կայսրության քանդման համար, այսօր էլ օգտագործվում են. ծախված մունետիկները վճարվում են իրենց աշխատանքի համար, հետո նրանց սպանում են որպես հորինված «ճշմարտության» անմեղ զոհեր»,-գրել է Չեչնիայի ղեկավարը:
«Ես գիտեի, որ նման խամաճիկներն այդպես կավարտեն իրենց կյանքը: Երբ իրավապաշտպանները սկսում են «անհանգստանալ» ինչ-որ մեկի կյանքի համար, նա մահանում է»,-ավելացրել է Կադիրովը:
Չեչնիայի ղեկավարը նաև հայտարարել է, որ մարդիկ չպետք է համաձայնեն մասնակցել հատուկ ծառայությունների նախագծերին, որպեսզի չդառնան «սպառվող նյութ»:
«Ինչ վերաբերում է սպանվածներին... ինչի համար պայքարում էին, դրանից էլ գնացին»,-գրել է Կադիրովը:
Սպանվածներ ասելով՝ Չեչնիայի ղեկավարը նկատի ունի ոչ միայն հուլիսի 5-ին սպանված չեչեն բլոգեր Մամիխան Ումարովին, այլ նաև փետրվարին ֆրանսիական Լիլ քաղաքում սպանված բլոգեր Իմրան Ալիևին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ավստրիայում ձերբակալվել է երկու չեչեն, որոնք կասկածվում են բլոգեր, Ռուսաստանում ահաբեկչական համարվող «Իչկերիայի Չեչենական Հանրապետություն» կազմավորման համակիր Մամիխան Ումարովի սպանության համար. սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 4-ին:
Ումարովը 43 տարեկան էր, քաղաքական ապաստան էր ստացել Ավստրիայում և ապրում էր Գերասֆորդ քաղաքում Մարտին Բ. անունով, վարում էր յութուբյան բլոգ: Իր բլոգում Ումարովը բազմիցս վիրավորական արտահայտություններ էր արել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի, նրա ընտանիքի, մասնավորապես մոր` Այմանի Կադիրովայի հասցեին:










