«Աստված վկա, դա մենք չենք սարքել». Մեդվեդևը մեկնաբանել է ռուս-վրացական պատերազմի պատճառները
ՌԴ նախկին վարչապետ և նախագահ, ներկայում ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը «Комсомольская правда» պարբերականին տված հարցազրույցում մեկնաբանել է 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի պատճառները:
Լրագրողը նշել է, որ Ռուսաստանը վերջին 20 տարիներին վիճել է Վրաստանի, Ուկրաինայի հետ, այժմ հարթ չեն Բելառուսի հետ հարաբերությունները: Նա հարցրել է՝ ինչ պետք է անել, որ բելառուսների հետ հարաբերություններն էլ չփչանան, ինչին ի պատասխան Մեդվեդևն ասել է. «Մենք ոչ ոքի հետ չենք վիճել: Մենք արձագանքել ենք որոշ պետությունների կողմից ոչ բարեկաման քայլերին, երբ դրա կարիքը կար: Ինչպես հայտնի է, Վրաստանը ինքն է ագրեսիվ քայլեր ձեռնարկել այն ժամանակ դեռ իր ինքնավար շրջաններ հանդիսացող Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ, որտեղ տեղակայված էին մեր խաղաղապահները: Մենք ստիպված էինք միջամտել: Դա, իհարկե, բերեց Վրաստանի հետ հարաբերությունների վատացման և դիվանագիտական հարաբերությունների խզման: Բայց Աստված վկա, դա մենք չենք սարքել: Դա այնտեղ եղած իշխանությունների պատասխանատվությունն է: Այժմ նրանք քաղում են այն ժամանակվա իրենց անպատասխանատու քաղաքականության պտուղները»,-ասել է ՌԴ նախկին նախագահը:
Ռուս-վրացական պատերազմը սկսվել է 2008 թվականի լույս օգոստոսի 8-ի գիշերը, երբ նախ հայտնի դարձավ, որ վրացի զինվորականները գործողություններ են իրականացրել ՌԴ-ի հետ տևական ժամանակ մերձեցման քաղաքականություն իրականացնող Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալի դեմ (փոխադարձաբար ՌԴ-ին դուր չէին գալիս Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության ձգտումները, որոնք ռուսական կողմը դիտարկում էր որպես «կենտրոնախույս»): Ռուսաստանը Վրաստանին պատասխանեց սկզբում Հարավային Օսիա, ապա՝ Վրաստան զորքեր մտցնելով: Պատերազմը, որը համընկավ զբոսաշրջային «թեժ սեզոնին», տևեց 5 օր. զինադադարը կնքվեց Եվրամիության լուրջ ջանքերով: Որպես հետևանք՝ Վրաստանի կազմում տարիների շարունակ գտնվող Հարավային Օսիան, ապա՝ Աբխազիան հռչակեցին իրենց անկախությունը:










