Իսպանիայում կորոնավիրուսի համավարակի պայմաններում ճանապարհորդելու համար «գերանվտանգ» վայր է ստեղծվել
Իսպանիայում կորոնավիրուսի համավարակի պայմաններում ճանապարհորդելու համար «գերանվտանգ» վայր է ստեղծվել, հայտնում է lenta.ru կայքը։
Տարագոնա շրջանում (Կատալոնիայի ինքնավար մարզ) ստեղծվել է հանգստյան գոտի, որի տարածք կարող են մուտք գործել միայն այն զբոսաշրջիկներոը, որոնք կորոնավիրուսի թեստ են հանձնել։ Բացասական պատասխանից հետո այցելուներն իրենց հանգիստը կարող են վայելել առանց որևէ սահմանափակումների, ինչպես օրինակ՝ դիմակ կրելու կամ սոցիալական հեռավորություն պահելու։
Նշվում է, որ թեստի համար 100 եվրո վճարելուց հետո զբոսաշրջիկները կարող են մնալ «Դրախտ» կոչվող հանգստավայրում, որը սպորտային հրապարակ, լողավազան, ռեստորան և զվարճանքի վայրեր ունի։ Հանգստյան գոտու տարածքում 40 շարժական տուն և ավտոֆուրգոն, ավտոտնակ և վրաններ կան։
Նախագծի կազմակերպիչներից մեկի խոսքով՝ տարածք մուտք գործելուց առաջ թեստավորում անցնելը թույլ կտա հանգստացողներին պահպանել ճամբարի նախնական գաղափարը, այսինքն՝ մարդկանց «առանց անվտանգության միջոցառումների, լիակատար ազատությամբ հնարավորություն կտա վայելել վրանային կյանքը»։
«Ճամբարը մեծ թվով բաց տարածություններ ունի․ այս գործոնը նախագծի գործարկման համար էական նշանակություն է ունեցել»,- նշել է նա և հավելել, որ միևնույն ժամանակ հյուրերի համար նախատեսված տներում մաքրության ավելի խիստ միջոցներ կձեռնարկվեն։










