Նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանին ու երկու փոխոստիկանապետերին վերաբերող հրապարակումը Դատախազությունն ուսումնասիրում է, անհրաժեշտության դեպքում կհարուցվի քրեական վարույթ
Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ իր երկու տեղակալին՝ Հայկ Մհրյանին ու Արթուր Մարտիրոսյանին առնչվող հրապարակումներից մեկի հիման վրա Ոստիկանության շտաբում նշանակված է ծառայողական քննություն:
Tert.am-ը ՀՀ գլխավոր դատախազությունից հարցրեց, թե հրապարակմանն ինչ ընթացք է տրվել, որին ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազի ԶԼՄ-ների գծով խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց, որ այս ուսումնասիրվում է, անհրաժեշտության դեպքում ըստ քննչական ենթակայության կուղարկվեն համապատասխան նախաքննական մարմնին:
«Այդ նյութը ՀՀ գլխավոր դատախազությունում վեր է հանվել իրականացվող ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում՝ դրա հրապարակումից անմիջապես հետո և սկսվել է ուսումնասիրություն: Միաժամանակ, ՀՀ Ոստիկանությունում այդ հրապարակման կապակցությամբ իրականացվում է ծառայողական քննություն: Դրա արդյունքները ևս կպահանջվեն ՀՀ գլխավոր դատախազության կողմից, և եթե դրանցում առկա կլինեն ենթադրյալ հանցավոր արարքների մասին մատնանշվող տվյալներ, սահմանված ընթացակարգով դրանք, ըստ քննչական ենթակայության, կուղարկվեն համապատասխան նախաքննական մարմին՝ քրեական վարույթ հարուցելու և իրավական գնահատականի արժանացնելու համար»,-ասաց Գոռ Աբարահամյանը:
Նշենք, որ խոսքը վերաբերում է Ոստիկանության պետի երկու տեղակալներին՝ Հայկ Մհրյանին և Արթուր Մարտիրոսյանին, ովքեր ի դեպ, Ոստիկանության նախկին պետ Արման Սարգսյանի համակուրսեցիներն էին և հենց նա էլ նշանակել էր նրանց այդ պաշտոններում: Խոսքը վերաբերում է նաև նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանին, ով ծառայողական քննության շրջանակներում կհրավիրվի Ոստիկանություն:










