Բազմաթիվ անհարթություններ կան, որոնք այս փաստաթուղթը կդարձնեն բարի ցանկություններ, քանի որ դժվար կլինի իրագործել. փորձագետը՝ հանրակրթության չափորոշիչների վերաբերյալ

21:27 • 10.07.20

Տարրական դպրոցում միավորային գնահատականը հանելը կմեծացնի ուսուցիչների սուբյեկտիվ մոտեցումը: Բացի այդ ուսուցիչների համար բնութագրման աշխատանքը ծավալուն է լինելու, որը բողոքի առիթ կարող է դառնալ. Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով հանրակրթության նոր չափորոշիչներին և փոփոխություններին նշեց Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի հիմնադիր, մանկավարժ-հոգեբան Արմինե Դավթյանը:

Մանկավարժի կարծիքով՝ առանց միավորային գնահատման տարրական դպրոցից անցումը միջին դպրոց  դժվար կդարձնի պատկերացումը, թե երեխան ի՞նչ չափի  գիտելիքով և կարողունակություններով է մուտք գործում միջին դպրոց: Նրա կարծիքով՝ նոր փոփոխությունները նաև դրական կողմ ունեն, որն է՝ միջին դպրոցի ուսումնական ծրագրերի բովանդակային բեռնաթափումը, քանի որ, ըստ նրա՝ միջին դպրոցը շատ է ծանրաբեռնված եղել և չի համապատասխանեցվել տարիքային առանձնահատկություններին, ինչն էլ պատճառ է դարձել երեխաների ցածր ուսումնական առաջադիմությանը:

«Ողջունում եմ նաև արվեստի, տոխնոլոգիական դասընթացների նկատմամբ ակտիվ դիրքորոշումը, բայց մտավախությունը այն է, որ եթե առարկաների ընտրությունը թողնվի դպրոցների հայեցողությանը, կասկածում եմ, որ դպրոցները դրանց վրա շեշտադրում կանեն: Եթե ուսումնական պարտադիր ցանկում՝ մինչև  7-ից  8-րդ դասարանում երեխաներն երաժշտության, կերպարվեստի հետ առնչվեին՝ խաղային, գործնական մեթոդների կիրառմամբ ավելի լավ կլիներ: Ինչպես նաև, ավագ դպրոցում ներառվեին արվեստի դասընթացներ թեկուզ՝ ընտրովի տարբերակով»,-ընգծեց նա:

Արմինե Դավթյանը կարծում է, որ դպրոցին մեծ ինքնավարություն տալը կարող է այլ խնդիրներ առաջացնել և դպրոցներում ուսուցիչների սակավաթիվ լինելու պատճառով՝ առաջնորդվեն ուսուցիչների մասնագիտացմամբ, ոչ թե առարկաների պահանջով.

«Դպրոցին տալիս են մեծ ինքնավարություն ծրագրեր ձևավորելու համար: Այստեղ մտավախություն ունեմ, որ կաշխատի էլի՝ այս ուսուցիչն ունենք, այս ժամը տանք, ոչ թե՝ այս առարկան անհրաժեշտ է սկզբունքով: Օրինակ՝ գյուղական դպրոցում և քաղաքային դպրոցում երեխայի պահանջարկն այլ է: Գյուղական համայնքի դպրոցներում երեխաներին ինչ-որ չափով կարելի է պատրաստել գյուղատնտեսական աշխատանքներին և անասնապահությանը՝ նման դասընթացներ ներառելով: Բայց եթե թողնենք դպրոցի հայեցողությանը, որքանո՞վ է դպրոցը պատրաստ և արդյո՞ք դպրոցը ջանք կթափի նման ծրագիր ներկայացնելու համար: Մենք չունենք ուսուցիչների այն պատրաստվածությունը, որոնք կարող են ստեղծել նոր առարկայական մոդել: Ինչպես օրինակ՝ ավագ դպրոցում շատ դպրոցներ ջանք չթափեցին, որ բոլոր հոսքերը լինեն»,- նշեց նա:

Արմինե Դավթյանը նկատում է, որ առաջին հերթին պետք է կրթության մասին օրենքում սահմանումները և կրթության նպատակը հստակեցնել, հետո նոր ներկայացնել չափորոշիչները: Հակառակ դեպքում բախում է լինում կրթության մասին օրենքի և չափորոշիչների միջև.

«Եթե դու կոմպետենտային մոտեցում ես մտցնում պետք է նախ կրթության մասին օրենքում սահմանես ինչ կոմպետենտությունների ձևավորման գործընթաց ես համարում կոմպետենտությունը, որին համապատասխան ուսումնական ծրագիր կազմես՝ դա է տրամաբանությունը: Օրենքից պետք է բխի չափոփոշիչը, ոչ թե չափորոշչից բխի օրենքը: Բազմաթիվ անհարթություններ կան, որը, ըստ իս, կդարձնի այս փաստաթուղթը բարի ցանկությունների փաստաթուղթ և դժվար կլինի այն իրագործել»,- ասաց Արմինե Դավթյանը:

Անդրադառնալով եկեղեցու պատմության առարկային, այլ առարկայի մեջ ներառելու գործընթացին, Արմինե Դավթյանը նշեց, որ ժողովդի պահանջը, ոչ թե եկեղեցու պատմությունն է, այլ քրիստոնեական և բարոյական դաստիարակության խնդիրն է, սակայն այդ արժեքները հնարավոր է ձևավորել նաև մանկավարժական ճիշտ մոտեցումներով.

 «Եկեղեցին, որպես մենաշնորհային կազմակերպություն մտցնել դպրոց հակասում է մեր աշխարհիկության սկզբունքին: Որքան էլ, որ օրենքով եկեղեցուն արտոնյալ տեղ ենք տվել, ոչ մի դավանաբանական խնդիր հանրակրթական միջավայրում իրավունք չունենք մտցնելու: Հանրակրթական միջավայրը պետք է լինի տոլեռանդ միջավայր և դավանանքի հարցում երեխաները իրար մեջ վեճ չպետք է ունենան»,- եզրափակեց նա: