Ford-ի աշխատակիցները ԱՄՆ-ում ռասիզմի դեմ լայնածաված բողոքի ցույցերի ֆոնին դիմել են ղեկավարությանը՝ խնդրելով դադարեցնել ոստիկանության համար ավտոմեքենաների արտադրությունը
Ամերիկյան ավտոարտադրող Ford ընկերության աշխատակիցները դիմել են իրենց ղեկավարությանը՝ խնդրելով դադարեցնել ոստիկանության համար ավտոմեքենաների արտադրությունը։ Նրանց կարծիքով՝ այդ մեքենաները, որոնք երկրում ռասիզմի ամենավառ խորհրդանիշներն են դարձել, վարկաբեկում են ընկերության համբավը, գրում է The Verge-ը։
Ford-ի գլխավոր տնօրեն Ջեյմս Հաքեթին և ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Ուիլյամ Ֆորդին ուղղված նամակում աշխատակիցները նշել են, որ ընկերության արտադրած մեքենան եղել է այն տեսանյութում, որտեղ ոստիկանը դաժանաբար ծնկի է իջել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի պարանոցի վրա։
«Մեր ամբողջ պատմության ընթացքում Ford-ի արտադրած մեքենաները ոստիկանության կողմից օգտագործվել են որպես դաժանության և ճնշումների գործիքներ»,-ասված է նամակում:
Հաղորդվում է, որ Ford-ի աշխատակիցներն իրենց նպատակին չեն հասել։ Ընկերության գլխավոր տնօրեն Ջեյմս Հաքեթը պաշտպանել Է Black Lives Matter շարժումն ու նրանց կարգախոսը, սակայն հրաժարվել է դադարեցնել ավտոմեքենաների արտադրությունը ոստիկանության համար: Նրա կարծիքով՝ այդ մեքենաների շնորհիվ ոստիկանները կարողանում են ավելի արդյունավետ աշխատել՝ ապահովելով քաղաքացիների անվտանգությունը։
Ford-ը ԱՄՆ-ի ոստիկանության համար մեքենաներ է թողարկում 1950 թվականից։










