Փորձագետների կանխատեսմամբ՝ նավթի գինն առաջիկա տարիներին կբարձրանա՝ մեկ բարելի դիմաց հասնելով մոտ 150 դոլարի. The Wall Street Journal
Առաջիկա տարիներին նավթի գները արդյունահանման ծավալների և ոլորտում ներդրումների նվազման հետևանքով համաշխարհային շուկայում կբարձրանան՝ մեկ բարելի դիմաց գերազանցելով 100 դոլարը: Փորձագետների այս կանխատեսումը հրապարակել է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը:
«Թերֆինանսավորման ճնշումը զգալի կլինի: Որոշների համար շատ բարդ կլինի շարունակել արդյունահանումը: 2025թ.-ին մեկ բարելի արժեքը շատ հանգիստ կարող է հասնել 150 դոլարի»,- պարբերականի փոխանցմամբ՝ նկատել է ամերիկյան Northern Trace Capital հիմնադրամի ներկայացուցիչ Թրեվոր Վուդսը:
Այլ փորձագետներ էլ կարծում են, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ձեռնարկությունների ժամանակավոր փակումը և օդային բեռնափոխադրումների կաթվածահար լինելը հանգեցրել են սպառման ծավալների համընդհանուր նվազմանն ու ածխաջրածնային հումքի գների նվազմանը: JPMorgan բանկի վերլուծաբան Քրիստիան Մալեկի կանխատեսմամբ՝ նավթի արդյունահանման օրական ծավալները համաճարակին նախորդած ժամանակահատվածի համեմատ կնվազեն մոտ 5%-ով, այն է՝ 5 միլիոն բարելով: Դրա հետևանքով, ըստ փորձագետի, անհրաժեշտություն կառաջանա մինչև 2030թ. արդյունահանման ոլորտում լրացուցիչ 625 միլիարդ դոլար ներդնել:
Հուլիսի 9-ին նավթի WTI տեսակի մեկ բարելի գինը նվազել է 1.36 դոլարով կամ 3.33%-ով՝ կազմելով 39.54 դոլար:










