Ուռուցքային, սիրտ-անոթային և այլ հիվանդները բուժօգնության են դիմում միայն ծայրահեղ դեպքում. սա խնդրահարույց է և կարող է մահերի կտրուկ աճի հանգեցնել. Վահե Տեր-Մինասյան (տեսանյութ)
Որևէ մեկը չի կարող հստակորեն ասել՝ երբ կավարտվի համավարակը կամ երբ կսկսվի երկրորդ ալիքը, դրա մասին կանխատեսումը հիմնված է սեզոնայնության վրա. հայտնի է, որ աշնանը կամ ձմռանը սուր ռեսպիրատոր վարակներն ուժգնանում են: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել բժշկագիտության թեկնածու, դոցենտ Վահե Տեր-Մինասյանը:
«Հայաստանը որդեգրել է վարակակիրների թիվը զրոյացնելու ռազմավարություն: Թեստավորումների և դրական պատասխանների հարաբերակցությունն այսօր մոտ 30 տոկոս է, շատ ավելի ցանկալի կլիներ 5-10 տոկոսի ցուցանիշը: Դրա համար ժամանակ և աշխատանք է պետք բոլոր մակարդակներում: Երկար ժամանակ այս վարակի մասին հստակ տեղություն չունեինք, մեզ թվում էր, թե շատ բան չափազանցված է, ինքս էլ սկզբում այդպես էի կարծում»,- ասել է բժիշկը:
Ըստ Տեր-Մինասյանի՝ այսօր բոլոր բժշկական հաստատություններում նվազել է վճարովի բուժծառայությունների ծավալը՝ կապված բնակչության սոցիալական վիճակի հետ, և հատկապես մասնավոր բուժհիմնարկներն ունեն ֆինանսական խնդիրներ. «Սոցիալական ուղղվածություն ունեցող բյուջեում առողջապահության ֆինանսավորումը չպետք է նվազեցվի: Այսօր ամենաբարձր վարակելիությունը բժիշկների շրջանում է, ամենառիսկային գոտում նրանք են: Մենք նույնիսկ չգիտենք, թե հիվանդությունը հաղթահարած մարդիկ ինչ առողջական խնդիրներ են ձեռք բերում, օրինակ՝ երկկողմանի թոքաբորբից բուժված մարդու նյարդային համակարգն ինչպես է ձևափոխվում»:
Բժշկի կարծիքով՝ անհրաժեշտության դեպքում բոլոր մասնագիտացումների բժիշկներին պետք է մոբիլիզացնել կորոնավարակակիրներին բուժելու նպատակով. «Մեր բժիշկները հերոսներ են՝ հաշվի առնելով այն պայմաններն ու ֆինանսավորումը, որով աշխատում են: Հատկապես պոլիկլինիկաների բժիշկները խղճուկ աշխատավարձ են ստանում»:
Վահե Տեր-Մինասյանի պնդմամբ՝ ճիշտ է, ուռուցքային հիվանդների բուժման լավագույն երաշխիքը վաղ կանխարգելումն է, և այդ դեպքում բուժման արդյունավետությունն 80-90 տոկոս է, ամեն դեպքում՝ այս փուլում բժիշկները խոսում են ոչ թե վաղ դիմելության մասին, այլ ստիպված հորդորում են մնալ տանը. «Մարդիկ այսօր զգուշանում են պրոֆիլակտիկ բուժզննում անցնել, քանի որ կարող են կորոնավիրուսով վարակվել: Որոշ ժամանակ անց մենք կունենանք այլ հիվանդություններից, օրինակ՝ վերջին փուլի քաղցկեղից, մահացության կտրուկ աճ: Սիրտ-անոթային հիվանդները ևս զգուշանում են, չեն գնում հիվանդանոց, սա խնդիր է: Մանկական պատվաստումները վտանգված են, պոլիկլինիկաներում միշտ չէ, որ կանոնակարգված է այդ ծառայությունը»:
Բժշկի պնդմամբ՝ անգամ ամենամեծ ցանկության դեպքում այսօր անհնար է վերականգնել պլանային բուժօգնության երբեմնի ծավալները, և բժշկի դիմում են միայն ծայրահեղ դեպքում: «Մարդիկ այսօր վճարունակ չեն, առանձնապես հակված չեն բժշկի գնալու, պլանային հիվանդները դադար են վերցրել: Այդ ամենը բնորոշ է ամբողջ աշխարհին»,- ամփոփել է բժշկագիտության թեկնածուն:
Դավիթ Սարգսյան










