Հարկադրված արձակուրդը բացասաբար է ազդում թատրոնների վրա․ թատրոնները պատրաստ են վերաբացվել` պահելով հակահամաճարակային կանոնները․ թատերական գործիչներ (տեսանյութ)

22:38 • 10.07.20

Հայաստանի մշակութային կյանքն արդեն հինգ ամիս է՝ տեղափոխվել է առցանց հարթակ։ Սրանով ԿԳՄՍ նախարարությունը փորձեց մեղմել համավարակի ընթացքում մշակութային զանգվածային միջոցառումների անցկացման արգելքը։

Ներկայացումներն օնլայն տիրույթ տեղափոխելու գաղափարը, սակայն, այնքան էլ լավ չընդունվեց թատերական գործիչների շրջանում։ «Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր և տնօրեն Քրիստինե Հովհաննիսյանն ասում է, որ ներկայացումներն առցանց խաղալու տարբերակն իր բացասական կողմերն ունի, օրինակ, իրենց թատրոնի հոգսերը, ինչպես նաև դերասանների աշխատավարձը հոգում էին վաճառված տոմսերից գոյացած շահույթի միջոցով, իսկ հիմա օնլայն ներկայացումների դեպքում այդ հնարավորությունից զրկված են։

«Օնլայն ցուցադրումները շահութաբեր չեն կարող լինել, դա բացառվում է, մենք համաձայն չենք, թե դա կարող է ինչ-որ կերպ փրկություն լինել թատրոնին, չկա որակ, որը կարող է ցուցադրվել առցանց տարբերակում, իսկ այդ դեպքում մարդը կարող է հիասթափվել վատ որակից, գույներից, սյուժեից, առհասարակ, թատրոնից և այլևս չայցելի։ Մեր թատրոնն այս ընթացքում ոչինչ չի արել, միայն հոգացել է այն ծախսերը, պարտավորվածությունները որ ունի իր ուսերին դրված»,-ասում է Քրիստինե Հովհաննիսյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, սակայն նշում է, որ իրենք նախապես կանխատեսել էին խնդիրը, ուստի, այս ընթացքում փորձել են աջակցել ոչ պետական թատրոններին ու ազատ ստեղծագործողներին, իսկ պետական թատրոնների դերասանները, այսպես թե այնպես, ստանում են աշխատավարձ։

«Հարկադիր այս պարապուրդի ժամանակ նախարարությունը շարունակել է աջակցել պետական կառույցներին, այս պայմաններում, սակայն, ունենք նաև անհատ արվեստագետներ, և հիմա մեր ամբողջ ռեսուրսները փորձում ենք ուղղել այդ մարդկանց օգնելուն, նրանց ստեղծագործելու հնարավորությունն ապահովելուն»,-նշում է Արա Խզմալյանը։

«Բոհեմ» թատրոնի տնօրեն-պրոդյուսեր Քրիստինե Հովհաննիսյանը չի հերքում՝ աջակցել են, բայց դա եղել է 2 անգամ, ինչը բավարար չէ այն պարագայում, երբ դերասանները 5 ամիս է՝ չեն աշխատում։

Քրիստինե Հովհաննիսյանն ասում է, որ թատրոնն ունի նաև կարիքներ, որոնք հոգալու համար աջակցություն չեն ստացել։ Նա նաև ընդգծում է, որ օնլայն ներկայացումների դեպքում կտրվում է հանդիսատես-դերասան կենդանի կապը։

Իր գործընկերոջ հետ համաձայն է  «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը։ Վերջինս չի հասկանում, թե ինչպես է ստացվում, որ արտակարգ դրության սահմանափակումների թուլացումից հետո բացվել են խանութներն ու սրճարանները, անգամ, փաբերը, սակայն, թատրոնները մնում են փակ․«Թող մի բան մտածեն, մենք ինչ մտածենք, մենք պատրաստ ենք երկու հոգու, 10 հոգու համար խաղալ, մենք ներկայացում ունենք հատուկ 30 հոգու համար նախատեսված, այնպես որ, մենք սովոր ենք նման բաների, մենք մեկ հոգու համար էլ կարող ենք խաղալ, եթե այդ մի հոգին ուզում է մեզ տեսնի ու լսի»։

Թատրոնի ղեկավարը նաև նշում է՝ հարկադրված այս արձակուրդը կարող է սպանիչ լինել թե՛ թատրոնի և թե՛ դերասանների համար, ներկայացումներն էլ կարող են կորցնել իրենց իմաստը։

«Այս պարապուրդը մեզ համար ուղղակի սպանիչ է, մենք պետք է վերանայենք բոլոր ներկայացումները, ներկայացումը խաղալով է կենդանի մնում, դերասանը բեմում խաղալով է երիտասարդ մնում, արտիստ մնում, դե պատկերացրեք՝ հիմա ինչ կլինի նրանց հետ»,- ասում է Արթուր Սահակյանը և հավելում, որ իրենք կարող են վերաբացել դռները հանդիսատեսի առաջ՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։

Մանրամասները՝ տեսանյութում։