Գյումրեցի կնոջ դիի կորելու մասին դիմումով ստեղծված նյութերը թողնվել են անհետևանք. Ոստիկանություն

16:37 • 10.07.20

Կորոնավիրուսով վարակված գյումրեցի 82-ամյա կնոջ դիի կորելու մասին դիմումով ստեղծված նյութերը թողնվել են անհետևանք: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Հիշեցնենք՝ գյումրեի 82-ամյա Սոնիկ Կարապետյանը մահացել էր հունիսի 29-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում: Երկու օր անց նրա թոռնուհին՝ Մարիամ Մալխասյանը հայտնել էր, որ տատիկի դին կորել է, իսկ բժշկական կենտրոնից, պարետատնից, Առողջապահության նախարարությունից որևէ տեղեկություն չեն հաղորդում:

Տատիկի հարազատները դիմել էին Ոստիկանություն: Հուլիսի 2-ին հայտնի դարձավ, որ նրա դին գտնվել է: Կնոջ դին հանձնել էին այլ անձանց՝ որպես իրենց հանգուցյալ, և տատիկը հուղարկավորվել էր Նոր Հաճնի գերեզմանոցում: