Թեհրանում կրկին պայթյուն է տեղի ունեցել. լրատվամիջոցներ

14:24 • 10.07.20

Հուլիսի 10-ի առավոտյան Իրանի մայրաքաղաք Թեհրանի արևմտյան հատվածում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է  alarabiya.net կայքը` հղում տալով Իրանի IRIB պաշտոնական տեղեկատվական գործակալությանը:

«Սոցիալական ցանցերի մի քանի օգտատեր տեղեկացնում են, որ  պայթյունի ձայն են լսել Թեհրանի արևմուտքում, ինչպես նաև Գարմդարեհ և Շահր Է Քոդս վայրերում»,-տեղեկացրել է իրանական գործակալությունը` նշելով, որ թաղամասում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, անջատվել է էլեկտրականությունը:

Շահ Է Քոդսը Թեհրանի նահանգում գտնվող քաղաք է, Գարմդարեհը ավան է Ալբորզ նահանգի մայրաքաղաք Քարաջի կազմում, որը գտնվում է Թեհրանից  20 կմ դեպի արևմուտք:

Իրանում վերջին մեկուկես շաբաթվա ընթացքում նման դեպքերը պարբերական բնույթ են կրում:

Լույս հուլիսի 7-ի գիշերը մայրաքաղաք Թեհրանից մի քանի կիլոմետր դեպի հարավ հզոր պայթյուն էր տեղի ունեցել: Պայթյունը տեղի էր ունեցել Բաքերշահրի Sepahan Boresh գործարանում. պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել: Դեպքի հետևանքով առնվազն երկու աշխատող էր մահացել, երեքը՝ վնասվածքներ ստացել:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Թեհրանի հյուսիսում գտնվող բժշկական կլինիկայում տեղի ունեցած պայթյունը 19 մարդու մահվան պատճառ էր դարձել:

Երկու օր անց` հուլիսի 2-ին, իշխանությունները տեղեկացրել էին Նաթանզեում (Սպահանի մարզ) տեղակայված ուրանի հարստացման գործարանում տեղի ունեցած «պատահարի» մասին, որի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհեր չեն եղել:

Եվս երկու օր անց, հուլիսի 4-ին հարավ-արևմտյան Խուզեստան նահանգի Ահվազ քաղաքում տեղակայված էլեկտրակայանում պայթյունի հետևանքով տրանսֆորմատոր էր վառվել: