Բրիտանացի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսի դեմ ձևավորվող բնական իմունիտետը կարող է վերանալ ամիսների ընթացքում
Բրիտանացի մասնագետների իրականացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսից ապաքինված հիվանդների օրգանիզմում ձևավորված հակամարմինը նվազում է ախտանշանների ի հայտ գալուց 20-30 օր հետո:
Ինչպես փոխանցում է CNN-ը, ուսումնասիրության ընթացքում վերլուծվել են 65 հիվանդների տվյալներ, որոնց մոտ «Քովիդ-19»-ի ախտանշաններ ի հայտ էին եկել մինչև 94 օր առաջ, ինչպես նաև առողջապահության ոլորտի 31 աշխատակիցների տվյալներ, որոնք մեկ կամ երկու շաբաթը մեկ հակամարմնի թեստ են հանձնել մարտից հունիս ընկած հատվածում:
«Ուսումնասիրությունն անցկացվել է խստորեն, և աշխատանքի արդյունքում հաստատվել է, որ պաշտպանիչ հակամարմինը, որն արձագանքում է «Քովիդ-19»-ին, արագ է վերանում: Խոսքը ամիսների մասին է»,- ասել է Միացյալ Թագավորության Լիդսի համալսարանի բժշկության դպրոցի պրոֆեսոր Ստեֆան Գրիֆնսը:
Հիշեցնենք, որ նախօերին նման հայտարարություն էին արել նաև գերմանացի գիտնականները, որոնց կատարած ուսումնասիրությամբ պարզվել էր, որ ժամանակի հետ «Քովիդ19»-ով վարակված և ապաքինված հիվանդների մի մասի մոտ զգալիորեն նվազում է հակամարմինների քանակությունը, ինչը մատնանշում է կրկնակի վարակման հավանականությունը:










