Փակ սահմանների պարագայում Զբոսաշրջության կոմիտեն առաջարկում է զբաղվել ներքին տուրիզմով, սակայն ոլորտի ներկայացուցիչները նշում են՝ այն շահութաբեր չէ (տեսանյութ)
Ավելի քան 8 տարի գործող «Visit Armenia» տուրիստական գործակալության տնօրեն Վլադիմիր Գևորգյանը թերթ․am-ի հետ զրույցում պատմեց, որ համավարակի և արտակարգ դրության պատճառով ստիպված է եղել կրճատել գործակալության 11 աշխատակիցներից 8-ին, քանի որ եկամուտ չունեն, ուստի աշխատավարձով ապահովել աշխատակիցներին չեն կարող․
«Ընդհանրապես ոլորտում, այս պահին տիրում է անկայուն և անորոշ վիճակ, որովհետև շատերը չգիտեն, թե ինչ է սպասվում, չգիտենք հստակ, թե երբ կբացվեն սահմանները, վերջերս էլ ԵՄ–ն մեր երկիրը նշեց ոչ ցանկալի երկրների ցանկում, որովհետև մեզ մոտ համավարակը գնալով շատանում է, որն էլ բերում է իր խնդիրները»։
Ոլորտը կարգավորող զբոսաշրջության կոմիտեից, մեր հարցմանն ի պատասխան, նշում են, որ ոլորտի վերականգնմանն ուղղված միջոցառումները կախված են հանրային առողջությանը սպառնող վտանգների չեզոքացումից, հետևաբար հնարավոր չէ այս պահին ասել, թե դա երբ և ինչպես տեղի կունենա, բայց հաշվի առնելով որոշակի չափանիշներ՝ ոլորտի ներկայացուցիչները կարող են օգտվել պետական օժանդակության 8 միջոցառումներից:
«Armenia travel» տուրիստական գործակալության տնօրեն Հայկ Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ դիմել է պետական աջակցություն ստանալու համար, ասում է՝ ճիշտ է, ստացել են, բայց դա 5 ամսվա ընթացքում երկու անգամ է եղել, այն էլ՝ նվազագույն աշխատավարձի չափով, մնացած ամիսների աշխատավարձերը և այլ ծախսերը հոգացել է գործակալությունը՝ պահուստային միջոցներից, սակայն դա էլ անսպառ չէ․ «Մեր խնայած միջոցները, մեզ առայժմ բավականացնում են, սակայն պետք է հասկանալ, որ այդ միջոցներն անսպառ չեն, պատրասատվում ենք ռիսկի գնալ՝ վարկային լրացուցիչ միջոցներ ներգրավել, սակայն ուզում եմ նշել, որ բանկերը նույնպես մեծ պատրաստակամություն չեն ցուցաբերում, այս պահին տուրիզմի ոլորտը վարկավորելու առումով»։
Զբոսաշրջության կոմիտեից նաև նշում են, որ Կառավարության տրամադրած աջակցությունից բացի՝ տուրիստական գործակալությունները կարող են գործունեություն ծավալել ներքին տուրիզմի ոլորտում։ Սակայն «Visit Armenia» գործակալության տնօրենը հակադարձում է՝ ներքին տուրիզմն այս պահին չի կարող լինել շահութաբեր, ուստի իրենք կմնան ձեռնպահ։
«Ինչ վերաբերում է ամենօրյա տուրեր կազմակերպելուն, ապա այն դարձել է ոչ շահութաբեր, և մեր կազմակերպությունը չի զբաղվում դրանով, որովհետև 2500–3000 դրամով կազմակերպել արշավ ամբողջ օրվա համար, որից ենթադրենք մեկ ավտոբուս տեղավորվում է մինչև 18 հոգի, ապա համավարակի պայմաններում կան հստակ ցուցումներ, որով կրճատվում է ուղևորների թիվը, ուստի այս պահին դա դառնում է ոչ շահութաբեր բիզնես, հաշվի առնելով, որ կան նաև այլ ծախսեր, վերջում ստացված գումարը այնքան փոքր է, որ դրանով չես կարող գրասենյակ պահել կամ նվազագույն ծախսերը հոգալ»։
Զբոսաշրջության հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը համաձայն է, որ ներքին տուրիզմը չի կարող լինել շահութաբեր, ավելին՝ այս տարի շահույթի մասին մտածելը տվյալ ոլորտի դեպքում իրատեսական չէ․
«Շահույթ ստանալու մասին դժվար թե կարողանանք մտածել այս տարի, բայց ներքին տուրիզմով զբաղվելը անհրաժեշտություն է, քանի որ այլ տարբերակ դեռ չունենք, և սա ներքին տուրիզմը խթանելու հարմար առիթ է, որը որոշ չափով կլուծի ոլորտի գոյատևման խնդիրը»։
Մեխակ Ապրեսյանը բավարար չի համարում Կառավարության կողմից տրվող աջակցությունը, այդ պատճառով էլ Զբոսաշրջության հայկական ֆեդերացիան ոլորտում առաջացած խնդիրները լուծելու առաջարկների փաթեթ է ներկայացրել Կառավարությանը՝ առաջարկելով վարկային արձակուրդ տրամադրել տուրօպերատորներին և տրանսպորտային տուրիստական ընկերություններին։
«Բանկերը պետք է տրամադրեն վարկային արձակուրդ, իրական արձակուրդ, ոչ թե երեք ամսով լիներ վարկային արձակուրդ, որից հետո 4–րդ ամսին պահանջեն 4 ամսվա վարկային վճարումներ կատարել, դա վարկային արձակուրդ չէր, այլ ընդհակառակը, դրանից ոլորտը ավելի վատ վիճակում հայտնվեց, ոլորտին օգնելու համար, բանկերի կողմից պետք է տրամադրվի վարկային արձակուրդ մինչև մյուս տարվա ապրիլ ամիսը, քանի որ այս ոլորտում եկամուտներ կլինեն միայն մյուս տարվանից, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի մարել վարկերը»։
Ըստ նախորդ տարիների վիճակագրական տվյալների վերլուծության, համաձայն տնտեսագիտության թեկնածու,ՀՊՏՀ ԱՄԲԵՐԴ հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոս Գայանե Թովմասյանի, 2019 թվականի զբոսաշրջության ոլորտից ստացված եկամուտը կազմել է 1․5 միլիարդ դոլար, ինչն էլ ապահովել է մեր երկրի համախառն ներքին արդյունքի 12 տոկոսը։ Նախորդ տարիների համեմատությամբ՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքով 2020 թվականի առաջին եռամսյակում 14.6 տոկոսով կրճատվել է զբոսաշրջիկների թիվը՝ ՀՀ տնտեսությանը պատճառելով 40 միլիոն դոլարի վնաս, իսկ ըստ Գայանե Թովմասյանի չափումների՝ այս եռամսյակում նախատեսվում է 317 միլիոն դոլարի կորուստ։
Մանրամասն՝ տեսանյութում։










