Մոսկվայի բոլոր բնակիչները հուլիսի 16-ից սկսած կկարողանան կորոնավիրուսի անվճար թեստ հանձնել
Մոսկվայի յուրաքանչյուր բնակիչ կկարողանա կորոնավիրուսի հայտնաբերման անվճար թեստ անցնել ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիա) հետազոտության միջոցով:
Ինչպես հայտնում է «Մեդուզա» գործակալությունը, Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան տեղեկացրել է, որ նման թեստեր կսկսեն իրականացվել հուլիսի 16-ից: Թեստեր հանձնելու համար կետեր կբացվեն քաղաքի 207 պոլիկլինիկաներում: Ռակովայի խոսքով՝ ամեն օր հնարավոր կլինի մինչև 50 000 հետազոտություն անցկացնել:
Մոսկվայում մայիսի 27-ից ի վեր ցանկացողները հնարավորություն ունեն կորոնավիրուսի հակամարմնի առկայության թեստ հանձնելու: Ուսումնասիրման վերջին տվյալները ցույց են տվել, որ հակամարմին կա հետազոտված մոսկվացիների 22 տոկոսի մոտ:
Մոսկվայում համավարակի սկզբից ի վեր հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 231 270 դեպք, մահացել է 4234 մարդ: Ռուսաստանի ողջ տարածքում վարակվել է ավելի քան 746 000 մարդ, մահացել՝ 11 770-ը:










