ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդներ չի ուղարկի Բելառուսի նախագահական ընտրություններին հետևելու համար՝ հրավերի բացակայության պատճառով

11:58 • 16.07.20

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) Բելառուսի նախագահական ընտրություններին մասնակցելու հրավեր չի ստացել: Այս մասին կազմակերպության կայքում տեղադրված հայտարարության մեջ ասել է գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլուր Գիսլադոտիրը։

Նա ընդգծել է, որ առանց հրավերի դիտորդներ չեն կարող ուղարկել Բելառուս։

«Ընտրությունների մասին հայտարարությունից ավելի քան երկու ամիս անց ժամանակին հրավերի բացակայությունը ԺՀՄԻԳ-ին թույլ չի տա հետևել ընտրական գործընթացի առանցքային ասպեկտներին»,- նշել է գրասենյակի ղեկավարը:

Գիսլադոտիրի խոսքով՝ այս քայլը վկայում է այն մասին, որ պաշտոնական Մինսկը հավատարիմ չէ նախագահական ընտրություններում դիտորդների հետ համագործակցությանը:

«Հիմնարար ազատությունների պաշտպանությունը, հավաքների և կարծիքների արտահայտման ազատությունն իրական ժողովրդավարական ընտրությունների նախապայմանն են»,-ասված է հարտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախագահի ընդդիմադիր թեկնածուներ Վիկտոր Բաբարիկոյին և Վալերի Ցեպկալոյին չգրանցելուց հետո, նախօրեին երկրի մի քանի քաղաքներում բողոքի ակցիաներ էին սկսվել, տասնյակ մարդիկ էին բերման ենթարկվել:

Բելառուսի նախագահի ընտրությունները նշանակված են օգոստոսի 9-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 14-ի նիստում գրանցել է հինգ թեկնածու, Բելգազպրոմբանկի նախկին ղեկավար Բաբարիկոյին և Բարձր տեխնոլոգիաների պարկի վարչակազմի նախկին ղեկավար Վալերի Ցեպկալոյին մերժել են գրանցել, նրանք համարվում էին Բելառուսի գործող նախագահ, վերընտրվել ցանկացող Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակիցները: