Ռմբակոծվել է նաև Բերդ քաղաքը, վնասվել են արդյունաբերական ձեռնարկություններ. Հայկ Չոբանյան (տեսանյութ)

00:04 • 16.07.20

Ադրբեջանական կողմի ռմբակոծության հետևանքով, ցավոք, ունեցել ենք բնակարանների, տների, ենթակառուցվածքների ավերածություններ, բարեբախտաբար քաղացիական բնակչության շրջանում չենք ունեցել զոհեր և վիրավորներ, ինչը պայմանավորված է զինված ուժերի պրոֆեսիոնալ գործելաոճով և վարքագծով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Մարզպետի խոսքով՝ վերջին երեք օրերի ընթացքում բնակիչների կենսագործունեությունը չի դադարել, բոլորը զբաղված են եղել գյուղատնտեսական աշխատանքներով, որևէ խուճապ չի նկատվել. «Այս պահին բոլոր գյուղերում իրականացվում են վնասների գնահատողական աշխատանքներ, դրանք հիմնականում սահմանապահ գյուղերն են, որոնք Տավուշի մարզում 24-ն են: Այս դեպքում մենք գործ ունենք Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի հետ: Գիտեք, որ երկար տարիների դադարից հետո ռմբակոծվել է նաև Բերդ քաղաքը, ինչն 90-ական թվականներից հետո չէր եղել, աննախադեպ էր, ինչի պատճառով վնասներ են կրել արդյունաբերական ձեռնարկություններ: Վնասի գնահատումից հետո ամեն ինչ կանենք, որպեսզի շուտափույթ վերականգնենք դրանք: Այս պահին իրականացվում է օպերատիվ աջակցություն, որպեսզի մարդկանց գործունեության հետ կապված որևէ խնդիր չլինի»։

Դիտարկմանը, որ Չինարիում չպայթած արկ կա և հարցին՝ ե՞րբ են վնասազերծելու, Հայկ Չոբանյանը նշեց, որ նման հարցերը կարգավորում է ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերը:

Մարզպետը նշեց, որ չնայած այն հանգամանքին, որ բնակչությունը այսպիսի իրավիճակի երեսունամյա փորձ ունի, վերջին տարիների հարաբերական անդորրը հանգստացրել էր նրանց, սակայն իրավիճակը ցույց տվեց, որ մարդկանց ինքնակազմակերպումը եղել է բարձր մակարդակի վրա և գյուղացիները պատսպարվել են նկուղներում:

Մարզպետի հավաստմամբ՝ բնակիչների պաշտոնական տարհանում չի եղել, բնակիչներն իրենց երեխաներին տեղափոխել են ապահով վայրեր և այն մեկնաբանությունները, որ մեծամասնությունը թողել, գնացել է, չի համապատասխանում իրականությանը: Նա նշեց, որ գյուղատնտեսական աշխատանքը չի դադարել և այս տարի Տավուշը առատ բերք կունենա:

«Անցած տարվանից ծրագիր է սկսված սահմանամերձ գյուղերի դիմակայունության բարձրացմանն ուղղված: Փորձնական ծրագիրն իրականացվել է Բերդավանում : Առաջիկա մեկ-երկու ամսում դիմակայունությունն ավելի կբարձրացնենք, դա ներառում է ապաստարանների համապատասխան հագեցվածություն, գյուղերի տեխնիկական ապահովվածություն, ներառում է սահման տանող ճանապարհների տեսահսկումը, անլար հատուկ կապի միջոցների տրամադրում: Ինչպես նաև տրանսպորտային միջոցներ՝ հրշեջ և շտապ օգնության մեքենաներ ենք ավելացնելու: Այս պահին Տավուշի մարզ է մտնում շտապ օգնության 5 ամենագնաց մեքենաներ, որոնք պետք է բաշխվեն սահմանամերձ գյուղերի վրա»,-ասաց Չոբանյանը։

Դիտարկմանը՝ դիրքեր կան, որ բնակավայրերին շատ մոտ են և հարցին՝ արդյո՞ք անվտանգության համար պարսպատման աշխատանքներ արվելու են, թե ոչ, Հայկ Չոբանյանը նշեց, որ Այգեպարում բոլոր կենսական նշանակության օբյեկտները ունեն հատուկ արգելապատեր՝ մանկապարտեզները, դպրոցները և նման աշխատանքները պետք է շարունակվեն: