Մադրիդում տեղի է ունեցել COVID-19-ի զոհերի հիշատակին նվիրված սգո արարողություն (լուսանկարներ)
Իսպանիայում տեղի է ունեցել COVID-19-ի համաճարակի հետևանքով ավելի քան 28 հազար զոհերի հիշատակին նվիրված սգո արարողություն, գրում է Associated press-ը։
«Մենք ամենայն հարգանքով և պետական պատիվներով հարգում ենք համաճարակի հետևանքով զոհված քաղաքացիների հիշատակը»,- հայտարարել է թագավոր Ֆիլիպ 6-րդը՝ Մադրիդի Թագավորական պալատի առջև տեղի ունեցած արարողության ժամանակ, որտեղ զոհերի հիշատակին վառվել է անմար կրակը։
Զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու են ժամանել կառավարության բոլոր անդամները՝ վարչապետ Պեդրո Սանչեսի գլխավորությամբ։
Բացի այդ, Մադրիդ են ժամանել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը:
Արարողությունը հարգանքի տուրք է դարձել նաև բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել համաճարակի դեմ պայքարում, առաջին հերթին՝ բժշկական անձնակազմին, տրանսպորտի, ոստիկանության, քաղաքացիական գվարդիայի աշխատակիցներին, խանութների վաճառողներին։
















