ԱՄՆ գլխավոր համաճարակաբանն իր հասցեին Սպիտակ տան քննադատությունը տարօրինակ է որակել՝ կոչ անելով «վերջ տալ անհեթեթություններին և պայքարել կորոնավիրուսի դեմ»

14:37 • 16.07.20

ԱՄՆ Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին Սպիտակ տան՝ իրեն հեղինակազրկելու ջանքերը «տարօրինակ» է անվանել` կոչ անելով վերջ դնել կորոնավիրուսի համավարակի շուրջ տարաձայնություններին և կենտրոնանալ դրա դեմ պայքարի վրա, գրում է Reuters-ը։

«Այս խնդրի մի մաս է կազմում պառակտման դինամիկան, որը դժվարացնում է անկեղծ երկխոսությունն այն մասին, թե ինչն է ճիշտ և ինչը՝ սխալ»,- The Atlantic-ին տված հարցազրույցում ասել է Ֆաուչին։

Նրա խոսքով՝ պետք է վերանայել ստեղծված իրավիճակը և ասել․ «Եկեք վերջ տանք այս անհեթեթությանն ու հասկանանք, թե ինչպես կարող ենք վերահսկողության տակ վերցնել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը»։

Գիտության և քաղաքականության միջև տեղի ունեցող բախումները համավարակի դեմ պայքարի հարցում առավել սրվել են վարչակազմի ներսում: Ֆաուչին վերջին ամիսներին բազմիցս քննադատության է ենթարկվել նախագահ Դոնալդ Թրամփի և մի շարք հանրապետականների կողմից։

Սպիտակ տունը հանգստյան օրերին տարածել է Ֆաուչիի՝ համավարակի սկզբում արված «սխալ» հայտարարությունների ցանկը։ Թրամփն այս շաբաթ ասել է, որ նա գնահատում է Ֆաուչիի ներդրումը, բայց միշտ չէ, որ համաձայն է նրա հետ:

«Գիտեք, այս ամենը մի քիչ տարօրինակ է։ Ես իսկապես չեմ հասկանում»,- Սպիտակ տան հայտարարությունների մասին ասել է Ֆաուչին։