«Ձեր պալատի պատերից դուրս դեռ թափառում են ստրուկների ուրվականները»․ սևամորթ գործիչը Մակրոնին կոչ է արել Ելիսեյան պալատում ստրուկների հիշատակին հուշարձան կանգնեցնել

16:26 • 16.07.20

Ֆրանսիայի սևամորթների ասոցիացիաների ներկայացուցչական խորհրդի (CRAN) նախկին ղեկավար Լուի-Ժորժ Տենը երկրի նախագահ Էմանուել Մակրոնին հղած բաց նամակում հիշեցրել է Ելիսեյան պալատի կառուցման պատմությունը՝ նշելով, որ 300 տարի առաջ նախագահական նստավայրը կառուցվել է ֆրանսիացի ամենահարուստ ստրկավաճառ Անտուան Քրոզի միջոցներով։ Նա կոչ է արել պալատում ստրուկների հիշատակին հուշարձան կանգնեցնել։ Այս մասին գրում է Libération թերթը։

Տենը համաձայնել է Մակրոնի և նրա տիկնոջ այն դիտարկմանը, որ «անցյալը պետք չէ վերաշարադրել կամ ոչնչացնել»՝ պնդելով պարզապես «ճանաչել այդ հանցավոր և ստրկատիրական անցյալը» և ստրուկների հիշատակին հուշարձան կանգնեցնել։

«Դուք տիկնոջ հետ ապրում եք Ելիսեյան պալատում, և մենք կցանկանայինք, որ ձեր նստավայրի կառուցման պատմությունը հայտնի լինի բոլորին, առաջին հերթին՝ ձեզ»,-գրել է նա։

«Դուք ապրում եք շքեղ նստավայրում, որի փայլն այն դժոխքի հակառակ կողմն է, որի միջով անցել են մեր նախնիները։ Ելիսեյան պալատի պատերից դուրս դեռ թափառում են ստրուկների ուրվականները։ Ձեր պալատի լռության մեջ հնչում են տեղահանված աֆրիկացիների տառապանքներով լի ճիչերը։ Դուք այս պատմության ժառանգորդն եք։ Տանիքը, որի տակ ապրում եք, ներծծված է ստրկացած աֆրիկացիների արյունով»,- ընդգծել է Տենը։