Հուլիսի 15-ից որպես փոխքաղաքապետ իր լիազորությունները դադարեցրած Հայկ Սարգսյանը Մարությանի կարգադրությամբ հենց հուլիսի 15-ին 1 մլն 800 հազար դրամի չափով պարգևատրվել է

18:53 • 16.07.20

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հուլիսի 15-ի կարգադրությամբ արդեն նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին 1 մլն 800 հազար դրամի չափով պարգևավճար է տրամադրվել:

Մարությանի կարգադրության մեջ ասվում է՝

Ղեկավարվելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի կողմից աշխատանքային և ծառայողական պարտականությունների բարեխիղճ ու բարձր որակով կատարելու հանգամանքը՝ խրախուսել դրամական պարգևատրմամբ 1800,0 /մեկ միլիոն ութ հարյուր հազար/ դրամի չափով՝ Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին:

2.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա:

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը հենց հուլիսի 15-ին ավարտել է իր աշխատանքը որպես փոխաքաղաքապետ:

Նախորդ շաբաթ ներկայացված դիմումի համաձայն, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հուլիսի 15-ից կավարտի պաշտոնավարումը և կտեղափոխվի այլ աշխատանքի` մասնավոր հատվածում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը հուլիսին ավելի քան 47 մլն դրամ պարգևավճար է տվել քաղաքապետարանի աշխատակիցներին: