Ջո Բայդենի, Բարաք Օբամայի, Բիլ Գեյթսի, Իլոն Մասկի և աշխարհահռչակ այլ գործիչների թվիթերյան օգտահաշիվները հաքերային հարձակման են ենթարկվել
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի, Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսի, SpaceX և Tesla ընկերությունների ղեկավար, միլիարդատեր Իլոն Մասկի և աշխարհահռչակ մի շարք այլ գործիչների թվիթերյան օգտահաշիվները հաքերային հարձակման են ենթարկվել:
CNN-ի փոխանցմամբ՝ հաքերային հարձակման թիրախում են հայտնվել նաեւ ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի, նրա ամուսին, ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի, Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսի օգտահաշիվները:
Հաքերային հարձակման հետևանքով կոտրված օգտահաշիվներից գրառումներ են կատարվել, որոնցով կրիպտոարժույթների վերաբերյալ կեղծիք պարունակող տեղեկատվություն է տարածվել: Օրինակ՝ Բիլ Գեյթսի թվիթերյան միկրոբլոգում հայտված կեղծ գրառման համաձայն՝ նա խոստացել էր առաջիկա 30 րոպեի ընթացքում կրկնապատկել բիթքոինի համար կատարվող վճարման չափը:
Թվիթերը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ աշխատանքներ են տարվում ի հայտ եկած խնդիրները շուտափույթ կարգավորելու ուղղությամբ:
Տեղի ունեցածն անվտանգային ամենախոշոր միջադեպն է թվիթերի պատմության մեջ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ խնդիրը ոչ այնքան ֆինանսական կեղծիք պարունակող տեղեկատվության տարածման մեջ է, այլ որ թվիթերից աշխարհի միշարք երկրների ղեկավարներ են օգտվում, որոնք կարևորագույն քաղաքական իրադարձությունների և կայացվող որոշումների վերաբերյալ գրառումներ են կատարում: Ուստի, եթե նմանատիպ խնդիր առաջանա նրանց օգտահաշիվների հետ, հետևանքները շատ ավելի ծանր կարող են լինել:










