Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել երեք ռուս գործարարի և ռուսական մի քանի ընկերության նկատմամբ
Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանել, այս անգամ՝ 3 ռուսաստանցու և 5 ընկերության նկատմամբ, որոնք առնչություններ ունեն գործարար Եվգենի Պրիգոժինի հետ:
ТАСС-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության բաժնի տարածած հաղորդագրության համաձայն՝ սահմանափակումներ են կիրառվելու Սուդանում, Հոնկոնգում և Թաիլանդում գործող այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք օգնել են Պրիգոժինին իր հանդեպ սահմանված պատժամիջոցներից խուսափելու հարցում, մասնավորապես՝ ավելի քան 7.5 միլիոն դոլարի փոխանցումներ են իրականացրել՝ հօգուտ ռուս գործարարի շահերի:
Սահմանափակումների թիրախում են հայտնվել Իգոր Լավրենկովը, Միխայիլ Պոտեպկինը, Անդրեյ Մանդելը, ինչպես նաև՝ М Инвест, վերջինի հետ փոխկապակցված Meroe Gold Co. Ltd, Shen Yang Jing Cheng Machinery Imp & Exp. Cо., Limited, Shine Dragon Group Limited и Zhe Jiang Jiayi Small Commodities Trade Company Limited ընկերությունները:
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Պրիգոժինը և նրա ցանցը Սուդանի բնական ռեսուրսները շահագործում են սեփական հարստացման համար և ողջ աշխարհում աղետալի ազդեցություն են տարածում:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության համաձայն՝ Միացյալ Նահանգները միջոցներ է ձեռնարկել Պրիգոժինի, իրենց պնդմամբ, ապակայունացնող գործունեությունը սահմանափակելու ուղղությամբ, քանի որ 2018-2019թթ. սահմանափակումների ենթարկված ընկերությունները նպաստել են Պրիգոժինի շահերին միտված մոտ 100 գործարքների կնքմանը, որոնց ընդհանուր արժեքը գերազանցել է 7.5 միլիոն դոլարը:
«Սուդանում Պրիգոժինի գործունեությունն ընդգծում է երկրի բնական ռեսուրսների շահագործման և նախկին նախագահ Օմար ալ Բաշիրի ռեժիմի աջակցության նպատակով Ռուսաստանի իրականացրած ռազմական գործողությունների միջև կապի առկայությունը, իսկ նախկին նախագահի ռեժիմը, Պոմպեոյի պնդմամբ, ավտորիտար է եղել:
Բացի այդ, 2018թ. փետրվարին ԱՄՆ արդարադատության նախարարությունը ռուս գործարարին ու նրան պատկանող «Համացանցային հետազոտությունների գործակալությանը» մեղադրում էր 2016թ. ԱՄՆ նախագահի ընտրությունների միջամտելու մեջ: Սակայն 2020թ. մարտի 16-ին ԱՄՆ Դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել արդարադատության և ազգային անվտանգության շահերը չվնասելու նկատառմամբ քրեական գործը կարճելու վերաբերյալ, որը Վաշինգտոնի դաշնային դատարանի կողմից բավարարվել էր:










