Ֆրանսիացի գիտնականները պարզել են «Քովիդ-19»-ով վարակված ծանր հիվանդների գլխավոր ախտանիշը

23:21 • 16.07.20

Ֆրանսիացի գիտնականները պարզել են կորոնավիրուսով վարակման դեպքում ծանր վիճակում գտնվող հիվանդների մոտ հայտնաբերվող բնորոշ նշանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ ներկայացնելով Science գիտական ամսագրում հրապարակված ուսումնասիրության արդյունքները:

Մասնագետներն ուսումնասիրել են 50 հիվանդների տվյալներ, որոնց մոտ հիվանդությունն ուղեկցվել է տարատեսակ ախտանշաններով՝ թեթև հազից մինչև շնչառական անբավարարություն, ինչի հետևանքով նրանց թոքերի արհեստական օդափոխման սարքի էին միացնում:

Վերլուծելով նրանց հետազոտությունների արդյունքները՝ գիտնականները պարզել են, որ «Քովիդ-19»-ով վարակված ծանր հիվանդներին միավորում է ինտերֆերոնի (պաշտպանական սպիտակուց) պակասն ու ուժեղ բորբոքումը:

Ծանր հիվանդների մոտ առաջանում է առաջին տեսակի ինտերֆերոնի պակաս, որն օրգանիզմն արտադրում է վիրուսի դեմ պայքարի համար: Դրա արտադրումն օրգանիզմում դանդաղեցնում է կորոնավիրուսային վարակի տարածումը:

Գիտնականները եկել են եզրահանգման, որ ինտերֆերոնը վճռորոշ դեր է կատարում հիվանդների բուժման հարցում:  

Ֆրանսիացի գիտնականները պարզել են «Քովիդ-19»-ով վարակված ծանր հիվանդների գլխավոր ախտանիշը