Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցները չեն ստացել պարգևավճարներ, քանի որ արտակարգ դրության պայմաններում աշխատել են ոչ լրիվ աշխատանքային գրաֆիկով. Արամ Դանիելյանը պարզաբանում է (տեսանյութ)

18:08 • 16.07.20

Պարգևավճարները տրվում են հավելյալ աշխատանք կատարելու դեպքում, և պարգևավճարների մասին ճիշտ գաղափար կազմելու համար պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերել, իսկ երբ սկսում ենք տարբերակված մոտեցում ցույց տալ, մարդն սկսում է համեմատություններ անել մյուս աշխատակիցների հետ, և այստեղից էլ սկսվում են տարատեսակ դժգոհությունները: Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում պարզաբանեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը՝ ի պատասխան թաղապետարանի աշխատակիցների՝ պարգևավճարների վերաբերյալ արտահայտած դժգոհությանը:

Նշենք, որ այսօր լրատվամիջոցներին իրենց դժգոհությունն էին հայտնել Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցները: Նրանք դժգոհում են, որ չեն ստացել իրենց համար սահմանված պարգևավճարները, իսկ թաղապետ Արամ Դանիելյանը պարգևավճար ստացել է:

Արամ Դանիելյանը ասաց, որ իրենց բոլոր աշխատակիցներն ամբողջությամբ ստացել են իրենց աշխատավարձերը, չեն ստացել պարգևավճարներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտակարգ դրության պայմաններում աշխատակիցները աշխատել են ոչ լրիվ աշխատանքային գրաֆիկով, այսինքն՝ շատ ավելի քիչ են:

Հարցին՝ թե ինչպես է ստացվել, որ թաղապետը ստացել է պարգևավճար, Արամ Դանիելյանը պատասխանեց, որ թաղապետին պարգևավճար տալը թաղապետը չի որոշում, այլ թաղապետի վերադասը՝ գնահատելով նրա կատարած աշխատանքը: Համաձայն թաղապետի՝ պարգևավճարը պետք է ծառայի բացառապես ավել կատարած աշխատանքին:

Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ թաղապետը պարազաբանել էր իր աշխատակիցներին, թե իրենց չստացած պարգևավճարները իբրև ծառայել են կորոնավիրուսի դեմ պայքարին: Այս ամենի վերաբերյալ Դանիելյանը մեկնաբանեց. «Երևանը՝ հանձինս Երևանի քաղաքապետի, այս եռամսյակի ընդհանուր պարգևավճարների շրջանակներում ևս մեկ անգամ 100 մլն դրամ տրամադրեց համայնքային առողջապահական հիմնարկների աշխատակիցներին, այսինքն այդ մասով, այո, նման բան կա: Իսկ պարգևավճարների մյուս մասը, որը չի բաշխվում, կարող են տրվել այն աշխատակիցներին, ովքեր իսկապես լավ են աշխատում կամ դրանք կուտակվում են իբրև տնտեսում, որն էլ ծառայում է Երևանի քաղաքապետարանի բյուջեով նախատեսվող ինչ-որ խնդրի լուծմանը»:

Թաղապետը նշեց` այն աշխատակիցները, ովքեր արտակարգ դրության պայմաններում աշխատել են հեռավար տարբերակով, ստացել են 57 տոկոսով պարգևավճարներ՝ եռամսյակային պարգևավճարների ֆոնդից:

Ըստ թաղապետի՝ պարգևավճարները այսուհետ չափորոշիչների առումով պետք է խստացվեն` պարզ ու ճշգրիտ լինեն բոլորիս համար։