Թուրք ընդդիմադիր գործիչ Քեմալ Քըլըչդարօղլուին պարտավորեցրել են շուրջ 52 000 դոլար վճարել Էրդողանին
Թուրքական դատարանը երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին պարտավորեցրել է 359 000 թուրքական լիրա (շուրջ 52 000 դոլար) վճարել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա ազգականներին, որոնց ընդդիմադիր գործիչն ավելի վաղ մեղադրել էր ֆինանսական խարդախությունների և օֆշորների համար: Այս մասին գրում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:
2017 թվականի նոյեմբերին Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ իր տրամադրության տակ փաստաթղթեր կան, ըստ որոնց Էրդողանի ազգականները 2011-2012 թվականներին միլիոնավոր դոլարներ են փոխանցել Մեն կղզում գտնվող օֆշորային ընկերությանը:
Դատարանը որոշել է, որ ընդդիմադիր առաջնորդի ներկայացրած փաստաթղթերն իրական են, սակայն գումարային փոխանցումները կատարվել են օրինական ճանապարհով` առանց հարկերից խուսափման:
Էրդողանը հայտարարել էր, որ եթե Քըլըչդարօղլուն ապացուցի իր մեղքը, ինքը հրաժարական կտա, իսկ նախագահի փաստաբանները հայց էին ներկայացրել ընդդիմադիր գործչի դեմ` պահանջելով, որ նա երկրի նախագահին իր հայտարարություններով ոչ նյութական վնաս պատճառելու համար վճարի 380 000 թուրքական լիրա:










