Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին ադրբեջանական կողմի կրակից զոհված մեր հայրենակիցների հիշատակը (տեսանյութ)

11:25 • 16.07.20

Կառավարության հերթական նիստին, մինչ օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց ադրբեջանական կրակից զոհված մեր հայրենակիցների անունները, ցավակցություն հայտնեց հարազատներին և առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող փոխհրաձգությունների հետևանքով hակառակորդի արձակած կրակից մահացել են ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը։ Իսկ ավելի վաղ ևս երկու զինծառայողներ էին զոհվել հակառակորդի կրակոցից՝ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակում է: