Պետք է քննարկել, թե ազգային անվտանգության տեսանկյունից ինչ մարտահրավերներ են առաջանում, ու նման աշխատանք կատարվում է. վարչապետը՝ սահմանային լարված իրավիճակում մեդիայի աշխատանքի մասին
Կառավարության այսօրվա նիստին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտնեց, թե ինչ աշխատանք են տանում ադրբեջանական կողմից կրակի ենթարկված գյուղերում և նշեց, որ իրենց խնդիրը բնակչության ապահովումն է, հրդեհների և ավերածությունների վերացումը: «Մեր մեքենաները հրդեհներին մոտենալու խնդիր ունեն, ապահովում ենք»,-ասաց նա:
Նա անդրադարձավ լրատվամիջոցների աշխատանքին և այն մտահոգիչ համարեց։ «Տարբեր լրատվամիջոցներ տարբեր ձևերով տարբեր բաներ են տալիս, մենք խնդիր ունենք։ Սխալ ինֆորմացիա են տալիս, ուրիշ բաներ են գրում, ադրբեջանական մահացած զինվորների նկարները գցելը մեր կայքերը... չեմ հասկանում, չեմ կարողանում ընկալել»,-ասաց նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ դա առանձին քննարկման նյութ է։ «Կարծում եմ ՝ մեր հանրության մեդիագրագիտությունը մեծ տեմպերով զարգանում է, ու նրանք ավելի ու ավելի են կարողանում տարբերել տեղեկությունն ապատեղեկատվությունից: Պետք է քննարկել, թե ազգային անվտանգության տեսանկյունից ինչ մարտահրավերներ են առաջանում, ու նման աշխատանք արվում է։ Պետք է նայել, թե ինչպիսի քայլեր կան, որ կառավարությունը պետք է ձեռնարկի այս առումով, բայց, իհարկե, առանց մեզ համար սկզբունքային գծերն անցնելու, որովհետև խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը մեզ համար արժեքներ են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հարց բարձրացրեց, թե համոզվա՞ծ են արդյոք, որ բոլոր կեղծ տեղեկությունների հեղինակները չարամտորեն կամ ոչ չարամտորեն ՀՀ քաղաքացիներ են կամ ընդհանրապես քաղաքացիներ են:










