Ադրբեջանի ՊՆ-ն ստահոդ տեղեկություն է հրապարակել, թե, իբր, ՀՀ ԶՈւ-ի X-55 ԱԹՍ է «խոցվել». ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել. ՊՆ մամուլի խոսնակ

12:41 • 16.07.20

Ադրբեջանի ՊՆ-ն ստահոդ տեղեկություն է հրապարակել, թե, իբր, հուլիսի 16-ին Հայաստանի ԶՈւ-ին պատկանող X-55 ԱԹՍ է «խոցվել»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել, իսկ հաղորդագրությանը կից լուսանկարը իրականությանը չի համապատասխանում:

Այսպիով՝ հակառակորդը փորձում է ինչ-որ կերպ մեղմել իր բազմաթիվ տեխնիկական և մարդկային կորուստները»,-գրել է Շուշան Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ գիշերը 03:40-ի սահմանում Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի փորձ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ դիվերսիայի փորձը կասեցվել է և թշնամին կորուստ տալով հետ է շպրտվել:
05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել Անջեյ Կասպրշչիկի հետ։ Ներկայացրել է իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։

Հիշեցնենք նաև, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:
Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։

Երեկ՝ հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։

Ըստ երեկվա տվյալների՝ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատված 11 զոհ, հայկական կողմը՝ 4:

Գիշերվա մարտերի ընթացքում հայկական բանակը կորուստներ չի ունեցել։