Հակառակորդի 100 հատուկջոկատային փորձել է հարձակվել «Անվախ» դիրքի վրա, բայց մեր տղաների գործողություններից հետ են շպրտվել՝ թողնելով զգալի կորուստներ. Ա. Հովհաննիսյան

13:32 • 16.07.20

Երեկ` 24-ժամյա հրադադարից հետո, Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողություները, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների Տավուշի սահմանագոտում գտնվող «Անվախ» դիրքի ուղղությամբ. այսօր բրիֆինգի ժամանակ նշեց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա փոխանցմամբ՝ կեսգիշերից հետո տեղի է ունեցել Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների հարձակում:.

«Հարյուր զինծառայող` մեծ զինատեսակների, մասնավորապես, հրետանու կրակի տակ, փորձել են հարձակել «Անվախ» դիրքի ուղղությամբ, բայց մեր տղաների հերոսական և գրագետ գործողությունների արդյունքում հետ են շպրտվել՝ թողնելով զգալի կորուստներ, կորցրել են նաև զինտեխնիկա և այլն: Առավոտյան Ադրբեջանական լրատվական ծառայությունն ընդունեց իրենց կորուստները, բայց այս պահին կոնկրետացված չէ, թե քանի հոգի են և ովքեր են: Դրանից հետո հերթական անգամ տապալվելով` փորձել են իրենց վրեժը լուծել խաղաղ բնակիչներից՝ Տավուշի գյուղերի ուղղությամբ շարունակել են հրետակոծությունը: Առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարեցին, որ հայկական զինված ուժերը կիրառել են անօդաչու թռչող սարք, որը իրենք խոցել են, սակայն սա հերքվել է՝ չի համապատասխանում իրականությանը». նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց նաև, որ արդեն մի քանի օր է` տեղական ինքնակառավարման մարմինների, զորամասերի մոտ հավաքվում են պատրաստական հայրենակիցներ՝ հիմնականում նախկին զինվորականներ, ազատամարտիկներ, անգամ բժիշկներ և իրենց պատրաստականություն են հայտնում` մեկնելու մարտական դիրքեր ծառայության, սակայն ասվել է արդեն, որ դրա անհրաժեշտությունը չկա և այսօր կլինի այս հարցով Պաշտպանության նախարարության կողմից պաշտոնական հայտարարություն: