ԱՀԿ առաքելությունը Թուրքմենստանում կորոնավիրուս չի հայտնաբերել

10:26 • 16.07.20

Թուքմենստանը շարունակում է մնալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի միակ երկիրը, որտեղ կորոնավիրուսային վարակի որևէ դեպք չի գրանցվել:

Ինչպես նշում է eadaily.com-ը, այս մասին հայտարարել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոյի արտակարգ իրավիճակների հարցերով ավագ մասնագետ, բժիշկ Կատրին Սմոլվուդը, որն այցելել է Թուրքմենստան:

ԱՀԿ փորձագետները երկրում տասը օր են անցկացրել՝ այդ ընթացքում այցելելով մի շարք բուժհաստատություններր, մարզային և մայրաքաղաքային լաբորատորիաներ, հանդիպել են բուժաշխատողների հետ, ծանոթացել են համաճարակաբանական վերահսկողության շրջանակում իրականացվող միջոցառումներին:

Սմոլվուդը երկրի իշխանություններին խորհուրդ է տվել շարունակել իրականացվող միջոցառումների ամրապնդումը:

Հայտնի է, որ Թուրքմենստանում սահմանվել է դիմակի կրման ռեժիմ, փակ են ամենախոշոր առևտրաժամանցային կենտրոնն ու մեծ շուկան:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Համավարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 213 երկրում: Ըստ worldometers.info կայքի՝ աշխարհում գրանցվել է վարակման 13 697 662 դեպք: