Մարտական կիրառումը ցույց տվեց, որ որոշ զինատեսակների գծով կարող ենք սկսել սերիական արտադրություն և այս ուղղությամբ ակտիվ գործել. Տիգրան Կարապետյան (տեսանյութ)
ԱԺ-ում քննարկվեց Կառավարության ներկայացրած «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» և «Պաշտպանության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը՝ երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունելու վերաբերյալ:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գոռ Մելիքյանը նախագծի վերաբերյալ նշեց, որ այս փոփոխությունները պայմանավորված են Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններով, որոնց համաձայն` Ռազմարդյունաբերական կոմիտեն, որ նախկինում գտնվում էր Պաշտպանության նախարարության կազմում, տեղափոխվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, և հետևաբար ռազմարդյունաբերական պրոցեսները նույնպես տեղափոխվել են ԲՏԱ նախարարություն:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը, անդրադառնալով նախագծին, նշեց, որ օրենքի նախագիծը կարևոր է, առաջարկելով նախագծին կողմ քվեարկել, քանի որ, իր համոզմամբ, այս օրենքի ընդունումով վերջնական տեսք կտրվի ռազմարդյունաբերական համալիրի ձևավորմանը.
«Ինչպես երկու-երեք օր տեսնում ենք Տավուշում, ռազմաարդյունաբերական համալիրը արդեն շոշափելի արդյունքներ ունի, առաջին անգամ հարվածային անօդաչու ունեցանք` մարտական կիրառմամբ, ունենք հաջողություններ գրանցած, որոնց մասին ԲՏԱ նախարարությունը և Պաշտպանության նախարարությունը կխոսեն: Մեր նախարարությանը կոչ ենք անում ավելի ակտիվ համագործակցել Պաշտպանության նախարարության հետ: Մարտական կիրառումը ցույց տվեց, որ որոշ զինատեսակների գծով կարող ենք սկսել սերիական արտադրություն և այս ուղղությամբ ակտիվ գործել». ընդգծեց նա:










