Թուրքիայի պաշտպանության նախարարն ու Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Թուրքիայում ընդունել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ռամիզ Թահիրովի գլխավորած պատվիրակությանը, հանդիպման օրակարգը վերաբերել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տեղի ունեցող ռազմական գործողություններին: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի պաշտպանության նախարարը հանդիպման ընթացքում հայտարարել է, թե Թուրքիան «դատապարտում է Հայաստանի հարձակումը Ադրբեջանի Թովուզի շրջանի վրա»:
Աքարը նշել է, թե «թյուրք-ադրբեջանցիների տառապանքը նաև Թուրքիայի ցավն է, որն իրենք շատ խորն են զգում», և սպառնացել է Հայաստանին, թե «հայերը մահացած ադրբեջանցիների արյան դիմաց պատասխան են տալու», «Թուրքիան էլ չի կարող ընդունել Լեռնային Ղարաբաղի օկուպացիան»:
Հանդիպման ընթացքում Աքարն իր ցավակցություններն է հայտնել ադրբեջանցի զոհերի հարազատներին և բավականին երկար խոսել է թուրքերի ու ադրբեջանցիների «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի ու իրենց ժողովուրդների եղբայրության մասին:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:
Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։
Երեկ՝ հուլիսի 15-ին, սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։
Ըստ երեկվա տվյալների՝ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատված 11 զոհ ունի, հայկական կողմը՝ 4:
Լույս հուլիսի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմանում, Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի փորձ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ դիվերսիայի փորձը կասեցվել է, և թշնամին կորուստ տալով հետ է շպրտվել: 05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:
Գիշերվա մարտերի ընթացքում հայկական բանակը կորուստներ չի ունեցել։










