Մենք մեր զույգ պետությունների և մեր բանակի կողքին եղել ենք ու կլինենք մշտապես. Հակոբ Տեր-Խաչատուրյան
Yerkir.am-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
-Հերթական անգամ Ադրբեջանը ռազմական բախում սադրեց, այս դեպքում ուղղակիորեն Հայաստանի հետ: ՀՅԴ Բյուրոն հուլիսի 14-ին հանդես եկավ հայտարարությամբ, որն ուղղված էր ողջ հայությանը և հավաստում էր Դաշնակցության պատրաստակամության մասին բոլոր հնարավորություններով ծառայելու հայրենիքի ու հայության անվտանգության և զարգացման գործին: Կարելի՞ է մի քիչ մանրամասնել:
-Նախ ՀՅԴ մեծ ընտանիքի անունից ես կրկին խոր ցավակցություն եմ հայտնում նահատակված հայորդիների հարազատներին, ինչպես և ողջ հայ ժողովրդին: Վիշտը բոլորինս է, ինչպես որ բոլորինս է զոհվածների և առհասարակ բոլոր մեր քաջարի զինվորների ու սպաների անձնազոհ խիզախումը՝ հանուն հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողի պաշտպանության և հայ ժողովրդի խաղաղ գոյակցության: Մենք մեկ անգամ ևս հպարտացանք, որ մեր թշնամու հերթական արկածախնդրական փորձը բախվեց հայ մարտիկի ամուր և անսասան դիմակայությանը: Ու թշնամին էլ ևս մեկ անգամ ականատես եղավ ընդհանուր վտանգի շուրջ կրկին բռունցքվելու հայության հավաքական կամքին:
Գալով ձեր հաստատումին պետք է շեշտեմ, որ Դաշնակցությունն այն համահայկական կազմակերպությունն է, որը նման պատասխանատու պահերին միշտ արձագանքում է հայրենի կարիքների կանչին, մասնավորապես հավաստելով, որ պատրաստ է իր բոլոր հնարավորություններն ի սպաս դնելու հայրենիքի պաշտպանության և համակողմանի աջակցության գործին:
Մենք կապի մեջ ենք Հայաստանի ու Արցախի համապատասխան բարձրագույն ղեկավարության հետ՝ հունավորելու համար համահայկական նեցուկի դրսևորումները և համադրելու համար հայանպաստ քարոզչական աշխատանքն ու բանակին օժանդակության ծրագրերը:
Հայտնի է, որ երկար ժամանակ Ադրբեջանի ղեկավարությունը վերադարձել էր իր հին հռետորաբանությանը, թեժացնում էր մթնոլորտը և հավանական էր թվում, որ նման զարգացումները կարող են հանգեցնել նոր, վտանգավոր հետևանքների: Պատահական չպետք է համարել քաղաքական ու քարոզչական այն ակտիվ քայլերը, որոնք ավագ եղբոր՝ Թուրքիայի հետ, ռազմական գործողություններին զուգահեռ, փորձեց նախաձեռնել հակառակորդ կողմը: Գոհունակությամբ անդրադառնում ենք նաև, որ թշնամու քարոզչական արշավը ծանր պարտություն կրեց, Հայաստանի ու հայության հակահարվածը եղավ ազդու: Ադրբեջանում պաշտոնանկ եղավ արտգործնախարարը և այս հարցով թե՛ Ադրբեջանում և թե՛ Թուրքիայում այժմ տիրում է խուճապի մթնոլորտ: Այս խուճապի անընդունելի դրսևորումներից է Հայաստանի ատոմակայանը ռմբակոծելու Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքը, որը, ընդհանրապես, միջազգային հանրությունը մարդկության դեմ իրականացվող մեծագույն ոճիր է համարում:
-Այսինքն, ըստ Ձեզ, Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին լուրջ ծրագրե՞ր էր հետապնդում` հրահրելով այս նոր ընդհարումը: Այս պարագայում քաղաքական-քարոզչական և ընդհանրապես ի՞նչ անելիք ունի հայկական կողմը:
-Ես չեմ կարող հստակորեն ասել, թե ինչ մտադրություն ուներ Ադրբեջանը սանձազերծելով և ընդլայնելով այս սահմանային միջադեպը, սակայն որոշ ենթադրություններ կարելի է անել մեկնելով ակնհայտ փաստերից: Օրինակ արձանագրենք, որ վերջին շրջանում ադրբեջանական պաշտոնական քարոզչամեքենան հետևողականորեն փորձում էր արտաքին լսարանի համար զարգացնել այն թեզը, թե իրականում չկա արցախահայության և նրա մարդկային ու ազգային իրավունքների հարց, այլ հակամարտության առարկան Հայաստանի հարձակողապաշտ մոտեցումն է Ադրբեջանի նկատմամբ և նրանից տարածքի, այսպես ասած, բռնազավթումը: Պատահական չէ, որ սահմանային այս համեմատաբար խոշոր բախումը ձեռնարկվեց ոչ թե Արցախի, այլ Հայաստանի նկատմամբ: Եվ սրան նախորդող ժամանակահատվածում էլ, նույն սահմանագծում, ժամանակ առ ժամանակ կրկնվեցին նման սադրիչ ձեռնարկումները:
Եվ իհարկե հայկական կողմն ունի անելիքներ: Անհրաժեշտ է նույն ակտիվ ու համարձակ հակադարձումը, որ տեղի ունեցավ ռազմական բեմում, կազմակերպել նաև քաղաքական-դիվանագիտական ճակատում: Ադրբեջանի անպատասխանատու ղեկավարությունը պատերազմական հանցավոր գործողություն է իրականացրել անկախ գերիշխան երկրի դեմ, ինչն ի դեպ ոչ մի կապ չունի Արցախյան խնդրի և նրա հանգուցալուծմանը միտող ուղիների հետ: Մյուս կողմից, հերթական անգամ Ադրբեջանը քամահրական վերաբերմունք է դրսևորում Արցախյան հակամարտության լուծման ուղղությամբ տարիներ ի վեր գործադրվող ջանքերի և այս գործում ներգրավված միջնորդ կողմերի հանդեպ, երբ բազմիցս բանակցության մասնակիցները հայտարարել են հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին:
Ճիշտ պահն է մերկացնելու ադրբեջանական ղեկավարության այս անպատասխանատու գործելակերպը և պահանջելու միջազգային արձագանք:
Ճիշտ առիթն է բացահայտելու նաև Թուրքիայի միանշանակ ադրբեջանամետ կողմնորոշումը, Հայաստանի նկատմամբ սպառնալիք հանդիսանալու հանգամանքը և նրա հավակնոտ ծրագրերը, այս տարածաշրջանում ևս ծավալուն հակամարտություններ հրահրելու և դրանցում, որպես փայատեր, մասնակից դառնալու փափագով: Պետք է բոլորի համար պարզ դարձնել, որ նման դերակատարը չի կարող հավակնել անաչառ միջնորդի դերի:
Այս բոլոր հարցերում պետական պաշտոնական, կուսակցական ու այլ մակարդակներով հայկական կողմի անելիքները իրապես շատ են:
Իսկ ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը մեր արդեն իսկ ընթացք առած գործնական քայլերի մասին էր վկայում: Դաշնակցությունն իր շրջանային մարմիններով, Հայ Դատի գրասենյակներով ու հանձնախմբերով, ինչպես և ուղեկից միություններով ու համակիրներով ռազմական գործողությունների լուրն առնելուն պես աշխատանքի է անցել տարբեր ասպարեզներում: Այդ աշխատանքն իր որոշակի պտուղները սկսել է, ու պիտի շարունակի տալ՝ տարբեր մակարդակներում:
-ՀՅԴ Բյուրոյի հայտարարության մեջ խոսվում էր նաև հայկական զույգ պետությունների և հայկական բանակի կողքին լինելու մասին
Այդպես է. անշուշտ, մեր գործունեության ասպարեզը միայն արտաքին ճակատը չէ: Մենք մեր զույգ պետությունների և մեր բանակի կողքին եղել ենք ու կլինենք մշտապես: Այսօր էլ պատրաստ ենք հանձնառություններ ստանձնելու, կազմակերպելու, կոչ անելու համակիր շրջանակներին ու ողջ հայությանը համախմբվելու մեր անընկճելի և հերոսական բանակին աջակցություն ապահովելու գաղափարի շուրջ: Այն ինչի մասին հիմա խոսում եմ, պարզապես հայտարարություն չէ, մենք նման գաղափարի միս ու արյուն ենք հաղորդել և 2016-ի ապրիլյան քառօրյայից հետո, երբ կարողացանք բավականին շոշափելի գումար հավաքել և տրամադրել մեր բանակի կարիքներին:
Եվ հիմա էլ տվյալ գաղափարը վերջին իրադարձությունների ազդեցությամբ չէ որ օրակարգ է բերվել. բավական ժամանակ այս աշխատանքը նախապատրաստելու ընթացքի մեջ ենք եղել, իսկ այժմ անհրաժեշտ է այն տեղափոխել իրագործման հուն:
Հայոց պետությունն ու բանակը մեր բարձրագույն արժեքներն են, որոնց նկատմամբ սիրո ու գուրգուրանքի մենաշնորհ չի կարող լինել, կա համընդհանուր պատասխանատվություն և մենք մեր բաժին պատասխանատվության տերն ենք:










