Պենտագոնը մանրամասներ է ներկայացրել Թրամփի նշած «սուպեր-պուպեր» գերձայնային հրթիռի վերաբերյալ
Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունը CNN-ին որոշ մանրամասներ է հայտնել գերձայնային նոր հրթիռի վերաբերյալ, որի մասին ավելի վաղ խոսելիս նախագահ Դոնալդ Թրամփն այն «սուպեր-պուպեր» նոր զինատեսակ էր անվանել: Նախագահն ասել էր, որ հրթիռը, ի տարբերություն համանման այլ մոդելների, 17 անգամ ավելի մեծ արագություն է զարգացնում:
Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մանրամասնել է, որ Թրամփի հետաքրքրությունը մեծապես շարժած հրթիռը բարեհաջող փորձարկվել է մարտին՝ Խաղաղ օվկիանոսում:
«Այն, ինչի մասին նա խոսում էր, մարտին փորձարկված հրթիռն է, որը 17 անգամ գերազանցել է ձայնի արագությունը»,-ասել է պաշտոնյան:
Աղբյուրը նկատում է, որ հրթիռը ստեղծվել է գերձայնային տեխնոլոգիաների մրցավազքում Մոսկվայից և Պեկինից հետ չմնալու նպատակով: Այնուհանդերձ՝ ԱՄՆ-ն դեռևս մի քանի տարի չի կարողանա նոր զենքով համալրել իր զինանոցը. ամենամոտ և հավանական ժամկետը 2023թ. է:
Մինչդեռ Չինաստանն ու Ռուսաստանը պնդում են, որ իրենց զինանոցներում այդպիսի զենքեր արդեն կան: ԱՄՆ-ն քաջ գիտակցում է, որ Մոսկվային և Պեկինին հասնելու կարիք կա, ուստի՝ Պենտագոնը միլիարդավոր դոլարներ է խնդրել նոր զինատեսակի ստեղծման համար:
«Վստահ եմ, որ մենք նրանց կհասնենք, մենք ներդրումներ ենք անում գերձայնային հրթիռների ոլորտում»,-ասել է Պենտագոնի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա՝ ընդգծելով, որ այս ասպարեզում Ռուսաստանի և Չինաստանի ունեցած հնարավորությունները Պենտագոնի համար գործի անցնելու գլխավոր գործոնն են:










