Վրաստանի քաղաքացին Հարավային Օսիայում փորձել է չղջիկներ որսալ` ամերիկացիներին վաճառելու նպատակով (տեսանյութ)

11:38 • 17.07.20

Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալի իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ հուլիսի 3-ին Հարավային Օսիայի սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալված Վրաստանի քաղաքացին մտել է Ցխինվալի շրջան, որպեսզի չղջիկներ որսա և վաճառի ամերիկացիներին: Այս մասին գրում է netgazeti.ge կայքը:

Օսական կողմը նշում է, որ Վրաստանի Գորիի շրջանի Մեյվրիսխևի գյուղի բնակիչ Խվիչա Մղեբրիշվիլիին, իր իսկ խոսքով, հետաքրքրում էր Հարավային Օսիայի տարածքում գտնվող չղջիկների բնակավայրերը:

«Հարկավոր է հստակեցնել, որ Հարավային Օսիայում գտնվող չղջիկների բնակավայրերը 2012 թվականից հետաքրքրություն են ներկայացնում Լուգարի անվան հանրային առողջության լաբորատորիայի համար»,-ասված է Ցխինվալի անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ իրավապահ մարմինների՝ Մղեբրիշվիլին նպատակ ուներ չղջիկներին ամերիկացիներին վաճառել Վրաստանի տարածքում՝ մեկ հատը 5000 դոլարով: