«Ե՞րբ է ՄԱԿ-ի անդամ Ադրբեջանի կողմից իր հարևանի ատոմակայանը հրթիռակոծելու սպառնալիքը մամուլի կողմից լուսաբանման արժանանալու». Սերժ Թանկյան

12:49 • 17.07.20

Ամերիկյան System of a Down ռոք խմբի հայազգի վոկալիստ Սերժ Թանկյանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող իրադարձություններին:

Երաժիշտը կիսվել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի տարածած գրառմամբ, որում գրված է. «Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել հայկական ատոմակայանին»:

Թանկյանն այս համատեքստում իր կողմից հարց է հղել լրատվամիջոցների ներկայացուցիչներին. «Ե՞րբ է ՄԱԿ-ի անդամ պետության (Ադրբեջան) կողմից իր հարևանի (Հայաստան) ատոմակայանը հրթիռակոծելու սպառնալիքը մամուլի կողմից լուսաբանման արժանանալու»:

Մինչդեռ սրան նախորդած գրառման մեջ Թանկյանը նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երբեք խաղաղություն չի լինի, քանի դեռ ադրբեջանցիները չունեն կարգին ղեկավարություն և չեն կարողանում կառավարել իրենց ճակատագիրը:

Հիշեցնենք, որ ամերիկյան Reddit սոցիալական լրատվական կայքի, Initialized Capital վենչուրային ընկերության հիմնադիր, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական պետական սահմանին ծավալվող իրադարձություններին:

Հայազգի միլիոնատերն իր էջի «սթորիս» բաժնում կիսվել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի տարածած գրառմամբ, որում գրված է. «Ադրբեջանը տարածաշրջանային պատերազմ է սկսում համաշխարհային համավարակի պայմաններում»:

Ավելի վաղ ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող ռազմական գործողությունների վերաբերյալ գրառում է արել՝ ընդգծելով, որ ընթացող համավարակի պայմաններում Ադրբեջանը, անտեսելով ՄԱԿ-ի՝ ամբողջ աշխարհում ռազմական գործողությունները դադարեցնելու հորդորը, հարձակվել է Հայաստանի Հանրապետության վրա:

«Հայաստանի տարածքում թիրախավորվել են քաղաքացիական կառույցներ, իսկ այժմ Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել Հայաստանում գտնվող ատոմակայանին»,-գրել է Քարդաշյանը՝ հավելելով, որ հաջորդ շաբաթ Կոնգրեսում տեղի է ունենալու քվեարկություն, որով երաշխավորվելու է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին չի տրամադրում այնպիսի ռազմական օգնություն, որն այնուհետև օգտագործվելու է Հայաստանի և Արցախի դեմ:

Քարդաշյանը միջազգային հանրությանը կոչ է արել ուշադրություն դարձնել այս զարգացումներին և միջամտել՝ կիրառելով այնպիսի քաղաքական և դիվանագիտական միջոցներ, որոնք կկանխեն հետագա սրումն ու մարդկային կյանքերի կորուստը:

«Ես կանգնած եմ հայրենակիցներիս կողքին և աղոթում եմ նրանց համար, ովքեր երկրի սահմանին են»,-նշել է Քարդաշյանը:

Հեռուստաաստղն իր գրառումն ավարտել է հետևորդներին ուղղված կոչով.«Խնդրում եմ ձեր սենատորներին և ներկայացուցիչներին Հայաստանին աջակցելու կոչ արեք»:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։

Ըստ վերջին տվյալների՝ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատված 12 զոհ ունի, հայկական կողմը՝ 4: Կան վիրավորներ:

Լույս հուլիսի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմանում, Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի փորձ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ դիվերսիայի փորձը կասեցվել է, և թշնամին կորուստ տալով հետ է շպրտվել: 05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Անցած գիշերվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հակառակորդը սահմանի բոլոր ուղղություններով կիրառել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։ ՀՀ ԶՈՒ-ն վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով»,-գրել է մամուլի խոսնակը: