ՀԴԲ-ն սկսել է ամերիկացի հայտնիներին պատկանող թվիթերյան կոտրված օգտահաշիվների առնչությամբ հետաքննությունը

00:48 • 17.07.20

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն սկսել է Twitter սոցիալական ցանցում հայտնի անձանց օգտահաշիվները կոտրելու դեպքերի հետաքննությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«ՀԴԲ-ն հետաքննում է հայտնի անձանց և ընկերությունների պատկանող, Twitter-ի մի քանի օգտահաշիվների հետ կապված դեպքը, որը տեղի է ունեցել 2020-ի հուլիսի 15-ին: Այս անգամ օգտահաշիվներն, ըստ ամենայնի, կոտրվել են կրիպտոարժույթների հետ կապված մեքենայություններ կատարելու նպատակով»,- նշել են գործակալությունից:

Հիշեցնենք, որ կիբերհարձակման էին ենթարկվել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի, նախկին նախագահ Բարաք Օբամայի, Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի, միլիարդատերեր Բիլ Գեյթսի, Մայքլ Բլումբերգի և Ուորեն Բաֆեթի, Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսի, ռեփեր Քանյե Ուեսթի, Apple, Uber և այլ ընկերությունների օգտահաշիվներ: Կոտրված օգտահաշիվներում հաղորդագրություններ տեղադրած անձինք խոստացել են 30 րոպեի ընթացքում իրենց ուղարկված բիթքոինները վերադարձնել կրկնապատկված չափով: