«Գիտեմ՝ քեզ ցավ եմ պատճառել». Քանյե Ուեսթը հրապարակավ ներողություն է խնդրել Քիմ Քարդաշյանից

10:58 • 26.07.20

Ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը, որը վերջին շրջանում տարօրինակ վարքագիծ է դրսևորում՝ մեկը մյուսից սկանդալային գրառումներ անելով Twitter-ում, հրապարակավ ներողություն է խնդրել կնոջից՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից: 

Ուեսթն իր թվիթերյան էջում կնոջից ներողություն է խնդրել անձնական կյանքի գաղտնիքները հրապարակայնացնելու և դրանով սիրելիին ցավ պատճառելու համար:

«Կցանկանայի կնոջիցս՝ Քիմից, ներողություն խնդրել նրա համար, որ հանրայնացրել եմ իր անձնականին վերաբերող տեղկությունները: Քիմ, ցանկանում եմ ասել, որ գիտեմ քեզ պատճառածս ցավի մասին, խնդրում եմ, ներիր»,-գրել է արտիստը:

Kanye West has issued an apology to his wife Kim Kardashian saying he knows he 'hurt you' and thanking her for 'always being there for me' after a week of rambling Twitter posts in which he accused her of trying to 'lock me up' and said he was trying to divorce her

 

Նշվում է, որ աստղային հայուհին դեռևս չի արձագանքել ամուսնու գրառմանը:

Ավելի վաղ Ուեսթը սպառնացել էր «բացահայտել Քարդաշյանների ընտանեկան գաղտնիքները, եթե կինը՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, փորձի միջամտել ու իրեն փակի տակ պահել»:

Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ երկբևեռ խանգարմամբ տառապող Ուեսթը կնոջն ասել է, որ «եթե Քարդաշյան ընտանիքը փորձի միջամտել, ապա նա այդ ամենը կհեռարձակի Twitter-ով ու աշխարհին ցույց կտա ճշմարտությունը»:

«Նա իրեն խելագարի պես է պահում ու, ինչպես երևում է, համոզված է, որ Քիմն ու Քրիս Ջեները ցանկանում են իրեն փակի տակ պահել: Նա Քիմին նախազգուշացրել է, որ գիտի ընտանեկան գաղտնիքներն ու դրանք կբացահայտի: Կան շատ բաներ, որ Քարդաշյաններն իրենց իրապատում շոուի ժամանակ չեն ցուցադրում՝ վեճեր, գաղտնի սիրային կապեր, վիրահատություն, ֆինանսական գործարքներ և այլ ներընտանեկան հարցեր: Սակայն այս փուլում Քիմի միակ մտահոգությունը Քանյեին օգնելն ու իրենց երեխաներին պաշտպանելն է: Նա շատ անհանգստացած է»,-ասել է քաջատեղյակ աղբյուրը:

Ավելի վաղ Քարդաշյանը խոստովանել էր, որ ամուսինը տառապում է հոգեկան խանգարմամբ։ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում գրել էր, որ ամուսնու մոտ երկբևեռ խանգարում է, որը հոգեբուժության մեջ հայտնի է նաև որպես մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ։

«Ինչպես գիտեն ձեզնից շատերը, Քանյեն տառապում է երկբևեռ խանգարմամբ։ Դրա հետ մեկտեղ՝ նա փայլուն, բայց բարդ անձնավորություն է։ Ովքեր մոտ են Քանյեի հետ, գիտեն, որ նրա խոսքերը երբեմն չեն համընկնում գործողությունների հետ», - գրել է Քարդաշյանը։

Քարդաշյանն ու Ուեսթն ամուսնացել են 2014 թվականին: Քանյեի հոգեկան խանգարման մասին խոսակցություններն ակտիվացան Քարդաշյանից բաժանվելու մասին նրա գրառումից հետո, որն անմիջապես հեռացվել էր սոցիալական ցանցի նրա էջից, սակայն չէր վրիպել լրատվամիջոցների ուշադրությունից։

Ի դեպ, Ուեսթը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին։