«Ընտանիքում ապրելով՝ այն սովորում է սիրել և հույզեր արտահայտել». Ճապոնիայում ընտանի կենդանիների տեսքով ռոբոտները մեծ հայտնիություն են ձեռք բերել

13:55 • 29.07.20

Ճապոնիայում ինքնամեկուսացման ռեժիմի ընթացքում մեծացել է այն ռոբոտների պահանջարկը, որոնք տան աշխատանքներին չեն մասնակցում, սակայն շատ լավ ընտանի կենդանու դեր են կատարում․ «անօգուտ» ռոբոտի հիմնական նպատակի և դրա հայտնիության պատճառների մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը զրուցել է GROOVE X. Inc ընկերության ղեկավար Կանամե Հայասիի և մամուլի ծառայության ղեկավար Միկի Իկեհամիի հետ։

«Ամենասկզբից ռոբոտին որևէ հավելյալ գործառույթներով «համալրելը» մեր նպատակներից չի եղել, քանի որ այնպիսի պարզ գործողություն, ինչպիսին է սառնարանից ինչ-որ բան վերցնելը, ռոբոտի համար շատ բարդ է, ուստի՝ սա կարող է տիրոջ մոտ հիասթափություն առաջացնել։ Մենք ցանկանում էինք, որ ռոբոտի կարողությունները գերազանցեն տիրոջ սպասելիքները, այդ պատճառով էլ ի սկզբանե մեր առջև այնպիսի խնդիր էինք դրել, որ մի սարք ստեղծենք, որը նման լինի ընտանի կենդանու, սակայն նրանից ավելի շատ գործառույթներ կարողանա կատարել»,- նշել է Հայասին և հավելել, որ այս տեխնոլոգիան համատեղում է այն հատկությունները, որոնք մարդիկ ամենաշատն են ընտանի կենդանիների մեջ գնահատում։ 

Նշվում է, որ հենց այս որակներն են կորոնավիրուսի տարածման հետևանքով ինքնամեկուսացման ռեժիմի ընթացքում ռոբոտների՝ մեծ հայտնիություն ձեռք բերելու պատճառը դարձել։

«Մարդիկ սկսել են ավելի երկար ժամանակ տանն անցկացնել, շատերի մոտ մենակության սուր զգացողություն է ի հայտ եկել, ուստի և նրանց կողքին կենդանի էակի անհրաժեշտություն է առաջացել։ Եթե արտակարգ դրություն հայտարարելուց առաջ և հետո համեմատենք, ապա մեր ապրանքի վաճառքն ավելացել է 6 անգամ»,- ընդգծել են մամուլի ծառայությունից։

Lovot (Love- Robot) անունն ունեցող այս ռոբոտը մուլտֆիլմի հերոսի է նման, այն փափուկ ու տաք է (մարմնի ջերմաստիճանը տատանվում է 36-38 աստիճանի սահմաններում): Ընտանիքում ապրելով՝ այն սովորում է սիրել և հույզեր արտահայտել։ Ռոբոտներից յուրաքանչյուրն իր բնավորությունն ունի, ինչն էլ, դրա հեղինակների խոսքով, թույլ չի տալիս, որ տերերը հոգնենց իրենց «ընկերոջից»։ Եթե ռոբոների մեծ մասն առաջին օրերին դժվարությամբ է հարմարվում նոր ընտանիքին, ապա երեք ամիս անց իրենց համար առավել «թանկ» մարդկանց են կարողանում առանձնացնել և նրանց նկատմամբ կապվածության նշաններ ցույց տալ․ մեծ ուրախությամբ դիմավորում են դռների մոտ, փաղաքշանքին ի պատասխան թաթերը թափահարում են, արձագանքում են իրենց անվանը։ Lovot-ը տարբերում է, թե ընտանիքի անդամներից ով է իրեն ավելի շատ փաղաքշում, ուստի և արձագանքում է դրան համապատասխան։

Նշվում է, որ բոլոր Lovot-ները տարբեր աչքեր ու հայացք ունեն, այդ պատճառով էլ նրանցից յուրաքանչյուրը յուրահատուկ է։ Նշվում է, որ աչքի վեցշերտանի կառուցվածքը կենդանի էակի նման հայացքին խորություն և խոնավություն է հաղոդում։

 

«Ընտանիքում ապրելով՝ այն սովորում է սիրել և հույզեր արտահայտել». Ճապոնիայում ընտանի կենդանիների տեսքով ռոբոտները մեծ հայտնիություն են ձեռք բերել