Կասկածներ ունենք՝ Կառավարությունը մեզ զոհաբերում է ոմանց տնտեսական և քաղաքական շահերի համար. Ամուլսարի հարակից շրջանի բնակիչները պահանջում են բացել հանքի ճանապարհը, թույլ տալ աշխատել (տեսանյութ)

11:54 • 30.07.20

Ամուլսարի հարակից շրջանի բնակիչները ակցիա իրականացրեցին կառավարության դիմաց, նրանց պահանջն է՝ վերականգնել իրենց աշխատանքի իրավունքը: Նրանք նամակ են պատրաստել ուղղված Կառավարությանն այս պահանջով, որին միացել է 1200 բնակիչ:

Ակցիայի մասնակիցներից Նարեկ Հովհաննիսյանը նշեց, որ իրենք պահանջ ունեն Կառավարությունից՝ իրենց խնդրին լուծում տալ: «Մենք ընդամենն աշխատող մարդիկ ենք, եկել են ասում են բերման ենք ենթարկում, մենք Կառավարության դեմ չենք պայքարում, արդեն երկու տարի է՝ 2000 հոգի անգործ է  մնացել, երկու տարի է համայնքը սոված կոտորվում է»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ բնակիչներն ասում են՝ չեն ցանկանում, որ Ամուլսարը շահագործվի, Նարեկ Հովհաննիսյանն ասաց, որ 1200 չափահաս մարդու ստորագրություն է բերել և որ 12 հոգու պահանջը չի նշանակում, թե դա բնակչությունն է պահանջում:

Հարցին՝ եթե լուծում չլինի հարցին, որոնք են լինելու իրենց քայլերը, նա պատասխանեց. «Մարդիկ 500 մլն փող են դրել, եկել են փող են դրել երկրում, էս նեղ վիճակով աշխատատեղ են ստեղծել,  Լիդիանը ներդրում է բերել, որ հարկեր տա, էս երկու տարի է՝ ոչ մեկ չի ուզում լսի»,- նշեց նա:

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշեց, որ վարչապետն ինքն անձամբ է ասել, որ վնասները կառավարելի են: «Վարչապետն այցելեց, ասաց, որ իրավական փաստ չկա հանքը փակելու համար, ապա ի՞նչ իմաստ ունի ձգձվի : Ես ուզում եմ իմանամ՝ ինչի հետևանք են այս ձգձգումները: Ես կարծում  եմ քաղաքական բնույթ է կրում»,- ասաց նա և հավելեց՝ հայտարարել եք, որ իրավական հիմք չկա Ամուլսարի ճանապարհը փակելու, դե բացեք, գնանք աշխատենք, համ մենք աշխատենք, համ պետությանը հարկ տանք:

Այնուհետև նրանք ընթերցեցին Կառավարությանն ուղղված նամակը, որտեղ նշված էր, հավաքվածները ներկայացնում են Ամուլսարի հարակից տարածքի բնակիչների մեծամասնությունը և դեռևս 2 ամիս առաջ 1200 բնակչությունով ստորագրություն են հանձնել Կառավարությանը, սակայն որևէ պատասխան չստանալուց հետո հուլիսի 22-ին բաց նամակ են հղել:

«Դատելով ձեր լռությունից՝ տպավորություն է ստեղծվում, թե դուք մոռացել եք, որ Ամուլսարը և շրջակա բնակավայրերը գտնվում են ՀՀ տարածքում և դուք բարձրաձայնված խնդիրները համարում եք օտար պետության, օտար ժողովրդի կողմից բարձրացված հարց: Մենք հիշեցնում ենք՝ մենք ՀՀ լիիրավ քաղաքացիներ ենք: Մենք չենք զգում, որ պետությունը ցանկանում է արդարացի և օրինական ճանապարհով լուծել մեր խնդիրները, մենք կասկածներ ունենք, որ Կառավարությունը մեզ զոհաբերում է ոմանց տնտեսական և քաղաքական շահերի համար, մեր պահանջները չեն փոխվել.  պահանջում ենք Ամուլսարի շուրջ ապրող մարդկանց ապահովել արժանապատիվ աշխատանքով, Ամուլսարի խնդիրը զերծ պահել քաղաքական շահարկումներից և հարցը լուծել բացառապես իրավական դաշտում: Պահանջում ենք բացել հանքի ճանապարհները, ճանապարահը փակած մարդկանց կարծիքը չընդունել որպես համայնքի տեսակետ»,- ասված էր վարչապետին ուղղված նամակում: