BMW-ն մինչ 2030թ. կներկայացնի 5 Series և 7 Series բոլոր սեդանների բացառապես էլեկտրական տարբերակները
Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունը պատրաստվում է առնվազն 1/3-րդով կրճատել ածխածնային արտանետումների ծավալն ու անցում կատարել ապահով տեղաշարժին, գրում է Luxury Launches-ը՝ մանրամասնելով, որ ընկերությունը հայտարարել է նոր ռազմավարական ուղղությամբ շարժվելու մասին:
BMW-ն որոշել է ներկայացնել 5 Series և 7 Series բոլոր սեդանների բացառապես էլեկտրական տարբերակները: Դրանք պետք է ներկայացվեն մինչ 2030թ.: Ընկերությունն այլ մանրամասներ չի ներկայացրել նոր մեքենաների տեխնիկական բնութագրի, ոչ էլ դրանց ներկայացման ստույգ ժամկետի վերաբերյալ:
Նշվում է, որ էլեկտրական տարբերակները ոչ թե փոխարինելու կգան գործող շարքը, այլ կհամալրեն բենզինային, մեղմ հիբրիդային, փլագին հիբրիդային տարբերակների շարքը:
Ավտոբրենդի հաշվարկի համաձայն՝ հաջորդ տասը տարվա ընթացքում ճանապարհներին կհայտնվի 7 մլն էլեկտրականացված BMW մեքենա:










