Հնդկաստանում աշխատանքից հեռացված ծրագրավորողը հաքերային հարձակում է կատարել գործատու ընկերության վրա՝ հույս ունենալով, որ իրեն օգնության կկանչեն
Հնդկաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետը ձերբակալվել է, երբ պարզվել է, որ աշխատանքից հեռացվելուց հետո, նա միտումնավոր հաքերային հարձակում է գործել նախկին գործատուի ընկերության վրա՝ ջնջելով կարևոր տեղեկություններն ու հույս ունենալով, որ նախկին աշխատատեղից իրեն հետ կկանչեն խնդիրը վերացնելու համար:
Ինչպես նշում է Oddity Central-ը, Վիքեշ Շարման աշխատանքից հեռացվել է աշխատավարձի վերաբերյալ անհամաձայնության պատճառով, սակայն առաջ շարժվելու և նոր գործ գտնելու փոխարեն նա որոշել է ամեն գնով վերադարձնել նախկին աշխատանքը:
Շարմային հաջողվել է մուտք գործել ընկերության տվյալների բազա ու ջնջել հազարավոր հաճախորդների տվյալներ՝ հուսալով, որ նախկին տնօրենն իր օգնությանը կդիմի տեխնիկական խնդրի վերացման հարցում: Սակայն դա տեղի չի ունեցել: Դրա փոխարեն տնօրենը դիմել է ոստիկանություն, որն էլ հայտնաբերել է հաքերին ու ձերբակալել:
Ավելի ուշ ծրագրավորողը խոստովանել է, որ նախկին գործատուի տվյալների բազայից ջնջել է 18 000 տվյալ, տարածել է մոտ 300 000 հաճախորդի տվյալ, ինչպես նաև 22 000 կեղծ տվյալ ներբեռնել, և այդ ամենը՝ որպես մասնագետ հետ կանչվելու հույսով:










